
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 8-ին՝ ժամը 11:42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։
Ըստ նախնական տվյալների՝ հայտնաբերվածը ապրիլի 26-ից որոնվող տղամարդու դին է։
ՆԳՆ ոստիկանությունն ավելի վաղ մանրամասներ էր հայտնել ջրատարն ընկած կնոջ և տղամարդու դեպքից:
Ջրատարն ընկած կինը Երևանում բնակվող 48-ամյա Սյուզաննա Կ.-ն է եղել, որին հասել փրկել են, իսկ տղամարդը՝ նրա 42-ամյա ընկերը, որն Իրանի քաղաքացի է, որոնվում էր:
Տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ, նրան դիտավորյալ են գցել ջուրը վեճի ժամանակ: Ջրատարն ընկած կինը և նրա օտարերկրացի ընկերը Նոր Խարբերդի տներից մեկում ալկոհոլ են օգտագործել, ապա որոշել են միասին գնալ զվարճանքի վայր: Զվարճանքի վայր հասնելու նպատակով կանգնեցրել են 26-ամյա երիտասարդի «Օպել»-ը, որը եղբոր հետ այդ ճանապարհով գնալիս է եղել Նուբարաշեն։ Ճանապարհին նրանց միջև վեճ է ծագել, որն ուղեկցվել է քաշքշուկով:
Վեճի ընթացքում վարորդն ավտոմեքենան կայանել է Արցախի 5-րդ նրբանցքի հատվածում՝ ջրատարի հարևանությամբ։ Այնուհետև կինը դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է ջրատարը, իսկ նրա օտարերկրացի ընկերոջը հրել ու դիտավորյալ ջրատարն է գցել «Օպելի» վարորդը, ինչից հետո եղբայրները հեռացել են տարածքից։ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել: