Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարորդական վկայականի առաջին փորձը ձախողելու դեպքում քաղաքացիներին կտրամադրվի քննությանը մասնակցելու հավելյալ վճարով հնարավորություն։ Այս մասին մայիսի 15-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ըստ փոփոխության՝ եթե քննությունն առաջին անգամ ձախողվի, ապա թեկնածուն կարող է արդեն հաջորդ օրը մասնակցել նոր քննության՝ 45 հազար դրամ վճարով։ Երրորդ օրը քննություն հանձնելու դեպքում վճարը կկազմի 30 հազար դրամ։

Նախարարը ընդգծեց, որ սա հավելյալ հնարավորություն է՝ նախատեսված քաղաքացիների համար, որոնք ցանկանում են ստանդարտ սպասելաժամանակից շեղվել և ավելի սեղմ ժամկետներում կրկին փորձել հանձնել քննությունը։

Ստանդարտ ընթացակարգով՝ 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում կրկնակի քննությունը թույլատրվում է 7-րդ և 14-րդ օրը, իսկ նոր համակարգը առաջարկում է ավելի ճկուն և հարմարավետ լուծում՝ վճարովի սկզբունքով։

Ինչպես նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանում վարորդական իրավունքները կթվայնացվեն, և քաղաքացիները կարող են դիմել և, գործող վարորդական վկայականներից բացի, ստանալ նաև թվայինը. «ՀՀ տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական իրավունքի գոյությունը բավարար կլինի, և որևէ խնդիր չի առաջանա»,- ասել է նախարարը՝ շեշտելով, որ երկրի տարածքից դուրս պետք է ունենալ վարորդական սովորական վկայական։ 

Նրա խոսքով, պարեկները տեխնիկապես զինված են և կարող են շատ արագ նույնականացնել քաղաքացուն։ Ըստ նախարարի, նույնը նաև մեքենայի հաշվառման վկայագրի՝ տեխանձնագրի դեպքում է։

843