

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքական վենդետա ասելով` մեր գործընկերը նկատի ունի մեր քաղաքական հանձնառությունների մինչև վերջ իրականացումը, որոնց արդյուքնում այդ մարդիկ Հայաստանի քաղաքական կյանքից վերանալու են։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ են Արսեն Թորոսյանի կարծիքը, որ քաղաքական վենդետա պետք է իրականացվի և արդյոք քաղաքական վենդետա պետք է իրականացվի նաև Արսեն Թորոսյանի նկատմամբ:
«Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատու՞մ եք Արսեն Թորոսյանի ասածի հետ: Ձեզ համար դա նո՞ւյնն էր, էս ի՞նչ եք ասում: Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք ԱԺ-ում, Լևոն Քոչարյանի սեռական բնույթի հայհոյանքից հետո եկել եք այստեղ, փորձում եք դրանից հետո մեկնաբանությունները բերե՞լ առաջին պլան: Սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Լևոն Քոչարյանը և դրան եղել է պատասխան»,- ասաց Հովհաննիսյանը:
Բաբկեն Թունյանն էլ հավելեց, որ, իհարկե, ոչ մեկի, առավել ևս իրենց համար ցանկալի չէ, որ ԱԺ նիստերը վերածվեն լեզվակռվի հատկապես այդ բառամթերով, բայց «ունենք, այն, ինչ ունենք»:
«Շատ ավելի կարևոր է, թե ինչով է զբաղված մեր ընդդիմությունը: Մեր ընդդիմությունը զբաղված է այս տիպի իրավիճակներ գեներացնելով: Այդ իրավիճակը սկսեց նրանից, երբ գլխավոր դատախազը թվեր հնչեցրեց, որոնք դուր չեկան ընդդիմությանը: Ես ուրիշ թիվ եմ ուզում հնչեցնել, մեր ընդդիմության պատգամավորները բոլորը միասին 4 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 1.5 մլրդ դրամ աշխատավարձ: Ձեզ որպես լրագրողներ, օրինակ հետաքրքիր չէ՞ հարկատուները մեր ընդդիմությանը ինչի՞ համար են վճարել այդքան գումար: Ի՞նչ օգտակար բաներ են արել»,- ասաց նա: