

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե որևէ բան չվերանայենք, կունանանք այն, ինչ ունեցել ենք մոտ 30 տարի։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով տրանսպորտի համակարգին։
«Երևանում «գազել» չկա, կան բարձրակարգ ավտոբուսներ, որոնք երթևեկում են ամբողջ քաղաքով, և համապատասխան սպասարկման համար կա համապատասխան վճար, որ մոտավորապես 10-11 տարի առաջ Երևանի քաղաքապետարանն ուզում էր ներդնել նախկին «գազելների» համար։ Եթե որևէ մեկը կարծում է, որ դա նույնպես շատ է, ժողովուրդ ջան, այդ ենթադրություններով կարող ենք վերադառնալ նախկին «գազելների» համակարգին։ Եթե չենք ուզում, որ տրանսպորտի որակը փոխվի, հա, կարող ենք այդպես մաշեցնել մինչև վերջ, որևէ բան չվերանայել, ու այո, կունենանք այն, ինչ ունեցել ենք մոտ 30 տարի»,- նշեց քաղաքապետը։
Ավինյանը իր խոսքում նշեց, որ եթե ուզում ենք կյանքում որևէ բան փոխվի, դրա համար նաև համապատասխան միջոցներ են պետք։
«Որոշ չափով բոլորը պետք է մասնակցեն այդ փոփոխությանը, և այո, ժամանակ առ ժամանակ որոշ ծառայությունների վճարներ պետք է վերանայվեն, ինչքան էլ դա հաճելի չէ, բայց, կներեք, 40 տարվա ընթացքում մի անգամ չպե՞տք է վերանայվեն, երբ ամբողջ տրանսպորտային համակարգը փոխվում է։ Կարծում եմ՝ դա շատ տրամաբանական փոփոխություն է»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։