Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Արմենպրս»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ  Էդգար Պետրոսյանը տեղեկացրեց, որ ներգրավվել են նոր ուժեր։ 

«Երեխայի անհետացման ցանկացած վարկած, որը կարող է նույնիսկ լինել անհավանական, իրավապահ մարմինների կողմից ստուգվում են։ Ուզում եմ ընդգծել, որ ունենք հանրության լայն աջակցությունը։ Բոլորս միասնական ձևով աշխատում  ենք։ Ավելացնեմ նաև, որ որոնողական աշխատանքները չեն դադարում և շարունակվելու են»,-ասաց Էդգար Պետրոսյանը։ 

Անդրադառնալով երեխաների հնարավոր առևանգման մասին վերջին շրջանում տարածվող տեղեկություններին՝ Էդգար Պետրոսյանը հորդորեց ծնողներին նման իրավիճակի բախվելու պարագայում անպայման դիմել իրավապահներին։ Ցանկացած տեղեկություն մանրակրկիտ ձևով ստուգվում է։  

«Վերջին տեղեկությունն այն մասին է, որ Հրազդանում փորձ է արվել երեխայի առևանգել։ Իրավապահների կողմից տեղեկությունները ստուգելու աշխատանքներ են կատարվում։ Այս դեպքից բացի, այլ տեղեկություններ էլ են լինում, սակայն դեռևս հաստատված փաստ առևանգման մասին չունենք»,-ասաց Էդգար Պետրոսյանը։  

Նա ծնողներին հորդորեց ամեն դեպքում լինեն զգոն ու ուշադիր, սակայն դա չպետք է վերածվի խուճապի։ Ներկայացնելով Գորիսում գրանցված դեպքը՝ Էդգար Պետրոսյանը նշեց, որ տեղեկություն էր տարածվել երեխաներին առևանգելու փորձի մասին։ Նշվել էր, թե երեխաներին ինչ-որ բան է տրվել, նրանք թունավորվել են, հիվանդանոց են տեղափոխվել։ 

«Ոչ ոք չէր թունավորվել, հիվանդանոց էլ, բնականաբար, չէր տեղափոխվել։ Պարզվել էր, որ քաղցրավենիք տեղափոխող առաքիչը երթուղու ճանապարհին դպրոցի մոտ կանգ է առել, սուրճ է խմել։ Մոտակայքում երեխաներ են եղել ու նրանց հյուրասիրել է կոնֆետներ։ Իհարկե, պետք է զգոն լինել, լավ է, որ ծնողները դիմել են իրավապահներին, սակայն խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա»,-հավելեց Էդգար Պետրոսյանը։  

102