Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի ծառայողների կողմից ակտիվ և սերտ համագործակցությամբ, ինչպես նաև համատեղ ձեռնարկված միջոցառումների, կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 9 անձի ինքնությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված անձինք 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ պատերազմը դադարեցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված բազմաթիվ այլ անձանց հետ խմբի կազմում, բռնի գործողություններով հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են Կառավարության շենքի մուտքի դռանը, հարակից պատուհաններին, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել դրանց, այդ ուղղությամբ նետել տարբեր առարկաներ, կոտրել մուտքի դռան և հարակից պատուհանների ապակիները, ապա վնասելով բացել են մուտքի դուռը և մուտք գործել Կառավարության շենք, որտեղ շարունակել են զանգվածային անկարգությունների կատարումը:

Մասնավորապես՝ նշված անձինք ինչպես առանձին, այնպես էլ միմյանց գործողությունները լրացնելով ոտքերով հարվածելով կոտրել են ՀՀ կառավարության շենքի մի շարք դռներ, պոկելու եղանակով վնասել շենքի գույքը՝ այդ կերպ մասնակցելով ջարդելով, գույք ոչնչացնելով, վնասելով և բռնություն գործադրելով զուգորդված զանգվածային անկարգություններին։

Նախաքննություն իրականացնող քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 9 անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):

Ձևավորված քննչական խմբի կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ և զանգվածային անկարգություններին մասնակցած 9 անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

299