Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ 

Սյունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին այցելել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար և Խնածախ բնակավայրեր։

Այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների վիճակին ծանոթանալը և փաստահավաք աշխատանքներ իրականացնելը:

Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ սահմանամերձ բնակավայրերում Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև շրջայց իրականացրել բնակավայրերում:

Բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, սեփականության, կրթության, զբաղվածության և հիմնարար այլ իրավունքների վերաբերյալ։ Բարձրաձայնվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման անհրաժեշտության, որոշ տների գազաֆիկացման, հանրային տրանսպորտի բացակայության, բանկոմատների բացակայության պատճառով անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու, շտապօգնության ծառայության հասանելիության հետ կապված խնդիրներ և այլ հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ սահմանային անվտանգության հետ կապված իրողությունների պայմաններում բնակիչների համար դժվարացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու և իրենց ընտանիքների կենսական կարիքները հոգալու հնարավորությունը։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները մարտահրավեր են մարդու իրավունքների ողջ համակարգի տեսանկյունից, այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, արժանապատիվ պայմաններում ապրելու, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Այս համատեքստում Պաշտպանի կողմից կատարված բոլոր արձանագրումները, այդ թվում` Պաշտպանին խորհրդապահական կարգով փոխանցված տեղեկատվությունը, կհասցեավորվեն ըստ իրավասության։

Կարևոր է արձանագրել, որ Պաշտպանի այցի պահին Խոզնավար բնակավայրում իրականացվում էին ճանապարհների շինարարական աշխատանքներ, որը մարդիկ ևս դրական էին գնահատում` նշելով, որ դա կհեշտացնի իրենց տեղաշարժը հարակից համայնքներ, ինչպես նաև առավել հասանելի կդարձնի տարբեր ծառայություններից օգտվելը։

Մինչդեռ Խնածախ բնակավայրի դեպքում հնչել են մտահոգություններ առ այն, որ բնակավայր տանող ճանապարհը ոչ բարվոք է և անհրաժեշտ է, որպեսզի այս ուղղությամբ ևս իրականացվեն համապատասխան աշխատանքներ։

Երկու գյուղերում էլ առկա էր գյուղամիջյան ճանապարհների շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն:

Երկու բնակավայրերում էլ մարդիկ հատուկ կարևորել են զբաղվածության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը միտված այլ հարցերի լուծումը:

Պաշտպանն այց է իրականացրել վերոնշյալ բնակավայրերի մանկապարտեզներ, իսկ Խնածախում՝ նաև դպրոց: Հանդիպումներ են տեղի ունեցել հաստատությունների անձնակազմերի և սաների հետ: Պաշտպանը ծանոթացել է շենքային պայմաններին, ուսումնական գործընթացին և աշխատանքային պայմաններին:

Պաշտպանը վստահեցրել է, որ խնդիրները կբարձրաձայնվեն, և ըստ ոլորտների կհասցեավորվեն պետական իրավասու մարմիններին:

101