
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում բացվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայկական վերականգնողական թղթի արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ Մատենադարանը դարձել է նոր գաղափարների և նախաձեռնությունների արդյունավետ վայրերից մեկը:
«Մատենադարանում անընդհատ հաճելի նորություններ կան, որոնք մեզ ստիպում են առնչվել Մատենադարանի մի նոր շերտին՝ հավելյալ անգամ համոզվելով, որ այստեղ գործունեության ընդլայնումը սահմաններ չունի: Մատենադարանն ավելին է, քան պահոցը և գիտական աշխատավայրը. սա նաև փորձառության և հնարավորությունների մի միջավայր է, որտեղ հայկական վերականգնողական թղթի արտադրությունը դառնալու է հիանալի հնարավորություն՝ զարգացման ճանապարհին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալությունը հայտնելով նախաձեռնողականության համար:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ Մատենադարանի պատմության մեջ իրադարձային օր է. իրագործվում է Մատենադարանի վերականգնողական բաժնի աշխատակիցների գրեթե տասնամյա երազանքը:
«Մատենադարանն այն վայրն է, որտեղ վերականգնվում են ոչ միայն Մատենադարանի ամբարներում պահված արժեքները, այլև Հայաստանի բոլոր գրադարանների ու թանգարանների գրավոր կոթողներն ու հուշարձանները»,- ասել է Արա Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանն աջակցություն ցուցաբերած կառույցներին:
Տնօրենի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից համալրվել են վերականգնող մասնագետների հաստիքները, որը կարևոր է Մատենադարանի մասնագիտական գործունեության համար, քանի որ վերականգնվող արժեքների ծավալները հետզհետե մեծանում են:
Միջոցառման ընթացքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալագրեր է հանձնել ծրագրի աջակից կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում հնարավոր է դարձել աշխարհում հայտնի ձեռագրերի վերականգնման ճապոնական թուղթը ստանալ նաև տեղական հումքից։ Ծրագիրն իրագործվում է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող #EU4Culturelture ծրագրի (առաջատար գործընկերը՝ Գյոթե ինստիտուտ), «Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման» հիմնադրամի և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։
Ի նշանավորումն մեկնարկող ծրագրի՝ ստորագրվել է հուշագիր՝ Մատենադարանի ու «Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի միջև, որի շրջանակում իրականացվել է մինչև 100 ծառի ծառատունկ։