Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Օրեր առաջ բոլորս ականատես եղանք, թե ինչպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանն Ազգային ժողովի նիստի ժամանակ հրապարակայնորեն հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք։ Այդ դեպքը մնաց անարձագանք այն պատգամավորի (կամ պատգամավորների) կողմից, ով վերջերս հանդես էր գալիս ԱԺ-ում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ և դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի վարքագծի հնարավոր խախտման կապակցությամբ։

Սակայն, երբ իրենց գաղափարական ընկերը կին պատգամավորների ներկայությամբ բացահայտ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում, այդ նույն էթիկական-էսթետիկական հարցերով մտահոգված պատգամավորները լռում են։ Ակնհայտ է՝ իրենց և իրենց քաղաքական թիմերի համար նման պահվածքը, թերևս, համարվում է ընդունելի և սովորական։

Պետք է փաստենք՝ եթե Կառավարության անդամների, այդ թվում՝ վարչապետի նկատմամբ գործում է էթիկայի վերահսկողություն իրականացնող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ապա Ազգային ժողովում դեռևս չի ձևավորվել մշտապես գործող էթիկայի հանձնաժողովը։

Ինձ համար հասկանալի և տրամաբանական կլիներ, եթե այդ նույն պատգամավորները նույն հետևողականությամբ նախաձեռնեին ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ քննարկելու Լևոն Քոչարյանի խայտառակ պահվածքը։ Հակառակ դեպքում՝ եթե անտեսվում է քաղաքական թիմակցի ոչ պատշաճ վարքագիծը, ապա դա նշանակում է ոչ միայն լռել, այլև լռությամբ խրախուսել նման արարքների կրկնությունը։

Իսկ եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են դրանք՝ օրհնա՞նք, թե՞ քաղցր խոսքեր։

Հ.Գ. Աչքիդ գերանը չես տեսնում, բայց ուրիշի աչքի փուշն ես տեսնում։

317