Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական միջոցառումներին:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հորդորել է լսելի դարձնել իրենց ցանկությունները՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ նոր սերունդն ունի անհրաժեշտ ներուժ և կարողություն՝ վստահությամբ շարժվելու իր երազանքներին ընդառաջ։

«Դուք կյանքի այն փուլում եք, երբ պետք է կողմնորոշվեք ձեր անելիքներում՝ ինչ եք ուզում անել և ինչով զբաղվել: Հաճախ մեծահասակներս փորձում ենք ուղղորդել ձեզ՝ առանց հաշվի առնելու ձեր ցանկությունները: Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները: Վստահ քայլերով առաջ գնացեք ձեր երազանքներին ընդառաջ: Այն երջանկությունն ու թրթիռը, որոնք այս պահին զգում եք, թող հարատև լինեն: Ամփոփում եք շատ կարևոր շրջափուլ. վստահ եմ՝ սովորելու հանդեպ սերն ու հետաքրքրությունը չեն մարելու նաև հետագայում: Միայն սովորելու դեպքում կարող ենք հասնել հաջողությունների: Բոլորիդ մաղթում եմ՝ ընտրել պահանջված մասնագիտություններ, որոնք նաև կարևոր կլինեն մեր երկիրը հզորացնելու համար»,- շնորհավորական խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հաջողություն մաղթելով շրջանավարտներին ավարտական և բուհական ընդունելության քննություններում։

Արաքսիա Սվաջյանը նաև ընդգծել է՝ դպրոցում ստեղծված բարենպաստ, ապահով ու ներշնչող միջավայրը մեծապես նպաստում է սովորողի աճին ու ձևավորմանը։ Նա շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին ու ծնողներին՝ շեշտելով, որ շրջանավարտների ներկա և ապագա հաջողություններում նրանց ներդրումն անգնահատելի է։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/29386

 

178