
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին օրերին համացանցում ակտիվ տարածվում է մի «հետաքննություն», որը պնդում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում 3.1 միլիոն եվրոյով վիլլա է գնել։ Սոցցանցերում տարածվող այս «լուրի» աղբյուրը կեղծ կայք է՝ infofrancaisedujour.fr, որի գործունեությունն արդեն իսկ հայտնվել է կեղծ տեղեկատվության տարածման և մանիպուլյացիաների կենտրոնում։
Համաձայն հրապարակման, իբր ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցներ՝ Le Parisien, France Info, տեղեկացրել են, որ Փաշինյանը 2025 թվականի մայիսին Մարսելում ձեռք է բերել շքեղ առանձնատուն։ Թվում է, թե ամեն ինչ համոզիչ է՝ թվեր կան, վայր կա, նույնիսկ լրատվամիջոցի անուններ են նշվում։ Սակայն մի խնդիր կա՝ նման հրապարակում որևէ իրական լրատվամիջոցում չի հայտնաբերվել, իսկ infofrancaisedujour.fr կայքը փաստացի գոյություն ունի ընդամենը մի քանի շաբաթ և պարունակում է հիմնականում կեղծ նյութեր։
Civic.am-ի հետաքննությունը ցույց տվեց, որ կայքի հեղինակները թաքնված են։ Դոմենը գրանցված է «Ano Nymous» անունով, իսկ «հեղինակների» անունները (օր.՝ Ernest Labrecque, Camille Dubois) ուղեկցվում են նկարներով, որոնք վերցված են ինտերնետից՝ այլ անուններով։ Բացի այդ, կայքը գտնվում է նույն IP հասցեի վրա, որտեղ հյուրընկալվում են հարյուրավոր խաղամոլական կայքեր, իսկ դրա գրանցողը՝ 1API GmbH-ն, նախկինում օգտագործվել է մի շարք այլ կեղծ ու մանիպուլատիվ հարթակների համար, այդ թվում՝ sengager-ukraine.fr, որը ներկայացել էր որպես Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կայք։
Այս ամենը վկայում է մեկ բանի մասին․ ստեղծվել է հերթական մանիպուլյատիվ հարթակը՝ հակապետական օրակարգով, որն օգտագործում է սենսացիոն ու հորինված բովանդակություն՝ հասարակական կարծիքը խեղաթյուրելու և հանրային դեմքերին վարկաբեկելու համար։