
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․
«Սիրելի՛ երեխաներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Այս տոնը՝ լինելով ձերը, միաժամանակ մեզ՝ մեծահասակներիս համար հիշեցում է՝ շարունակելու անել ամենը՝ ձեր ձայնը լսելի դարձնելու, ձեր ցանկությունները հաշվի առնելու և ձեզ համար ապահով, սիրով ու հավասար հնարավորություններով լի միջավայր ստեղծելու համար։
Վստահ եղեք՝ ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը։ Մենք՝ ձեր ընտանիքը, դպրոցը, ձեզ հետ աշխատող մասնագետներն ու մենք՝ որպես պետություն, միասին պետք է ամեն օր աշխատենք, որպեսզի այդ երազանքները դառնան իրականություն, որպեսզի ստեղծենք միջավայր, որտեղ դուք կզգաք պաշտպանված, սիրված ու կարևորված․ միջավայր, որտեղ ձեզ կընդունեն, կհասկանան ու կաջակցեն։
Հենց այս նպատակով երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է։
Աշխատանքներն ուղղված են նրան, որ բոլոր համայնքներում յուրաքանչյուր երեխա կողքին ունենա իրեն հասկացող, հոգատար ու պատրաստված հատուկ մասնագետ, ով կլսի երեխայի ձայնը, կհետևի նրա կարիքներին, կարձագանքի ու կաջակցի բոլոր առումներով։
Օրեր առաջ ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ոլորտային նախագծերի մի փաթեթի, որի իրականացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել հենց այդպիսի աջակցություն։
Ծնողների՝ աշխատաշուկայում ներգրավմանը նպաստելու և միաժամանակ երեխայի համար պատշաճ խնամք ապահովելու նպատակով՝ պետությունն ընտանիքներին շարունակում է տալ սոցիալական երաշխիքներ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, երեխայի խնամքի նպաստի, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների աջակցության, ինչպես նաև երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման և աջակցության այլ ծրագրերի տեսքով։
Բացի վերոնշյալը՝ միայն 2025 թ․ պետբյուջեից Երեխաների հիմնահարցեր ծրագրի ուղղությամբ նախատեսված է շուրջ 5 մլրդ դրամ, որի շրջանակում.
շուրջ 3300 երեխա հնարավորություն ունի օգտվել ցերեկային խնամքի ծառայություններից։ Ծրագրի շրջանակում ապահովվում է երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով։
Շարունակելով պահել արդեն իսկ ունեցած դրական դինամիկան՝ ներկայումս 104 խնամատար ընտանիքում խնամք է ստանում 176 երեխա։
Երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնները տարեկան աջակցում են շուրջ 600 երեխայի՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական, իրավական և վերականգնողական ծառայություններ։
13 հասարակական կազմակերպությունների միջոցով՝ 31 ցերեկային կենտրոններում, միայն 2024 թ․ աջակցություն է տրամադրվել 3610 երեխայի, որոնցից 1155-ը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված։
Ծնողների և մասնագետների շարունակական վերապատրաստումների միջոցով նախարարությունը նպաստում է երեխաների ընտանիքներում մնալու հնարավորությունների ավելացմանը։
Վերջին տարում վերապատրաստվել է շուրջօրյա և ցերեկային խնամք տրամադրող հաստատությունների 512 մասնագետ, 811 ծնող, ինչպես նաև խնամատար դառնալ ցանկացող 35 և որդեգրել ցանկացող 61 անձ։
Այս բոլոր ծրագրերն ընթացիկ աշխատանքների մի մասն են, որոնք նպատակ ունեն ապահովել իրավունքների պաշտպանություն, լիարժեք աջակցություն և հավասար հնարավորություններ։
Սիրելի՛ երեխաներ,
կրկին ջերմորեն շնորհավորում եմ ձեզ օրվա առթիվ․ մաղթում եմ խաղաղ, անհոգ մանկություն և վստահություն՝ ձեր երազանքների ու նպատակների իրականացման ճանապարհին»: