Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սիսիան համայնքի բնակավայրերից մեկում հայտնաբերվել է վիրավոր սպիտակագլուխ անգղ՝ թռչնատեսակ, որ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Փրկարարական ստորաբաժանման ծառայողները թռչնին տեղափոխել են անվտանգ վայր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Համագործակցելով Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի հետ՝ փրկարարները հազվագյուտ թռչունը տեղափոխել են Երևան՝ մասնագիտացված բժշկական զննության։
Թռչնի վիճակը բարելավվել է։
Փրկարար ծառայությունը հորդորում է՝ հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների հետ առնչվող ցանկացած դեպքի մասին անհապաղ տեղեկացնել համապատասխան մարմիններին։ Ժամանակին ցուցաբերված օգնությունը կարող է վճռորոշ լինել կենդանուն փրկելու և կենսաբազմազանությունը պահպանելու գործում։