Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինանսավորումը չի կարող խոչընդոտ լինել անկեղծ, բարեկամական հարաբերությունների ձևավորման և զարգացման գործընթացում: Հակառակը` դա կապացուցի, որ անկեղծություն չկա: Այդ մասին Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե ֆինանսավորումը կարո՞ղ է խոչընդոտ դառնալ Սյունիքի մարզում նախատեսվող բազմաթիվ ծրագրերի համար:

Ըստ մարզպետի՝ ֆրանսիական կողմի աջակցությամբ Սյունիքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, ոռոգման և խմելու ջրագծեր են կառուցվել, առողջապահական ոլորտում հսկայական ներդրումներ են կատարվել: Ծրագրերի ֆինանսավորման համատեքստում Ֆրանսիայի Կառավարությունն աջակցում է ՀՀ-ին, բայց մյուս կողմից` ՀՀ-ն է տարբեր միջոցներով աննախադեպ ծավալի աշխատանքներ ֆինանսավորում:

«Միայն Սյունիքի մարզում իրականացվում է 1 մլրդ դոլարի աշխատանք: Սա շատ կարևոր է: Ուզում եմ նշել, որ այս պահին Սյունիքի մարզում կառուցվում են այնքան թվով դպրոցներ՝ միանգամից կառուցվող, որ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակահատվածում չի եղել: Կատարվում են ճանապարհաշինական այնպիսի հսկայական աշխատանքներ, որ ես չեմ պատկերացնում, թե երբ է այդ ծավալի աշխատանքներ իրականացվել: Այսինքն՝ ֆինանսավորումը պետք է ապահովի իրականացում այն մտքերի ու ծրագրերի, որոնք պետք է ստեղծվեն ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, բայց մենք մոռանում ենք ամենակարևորը, նաև մեր համայնքներն ունեն բյուջեներ և իրականացնում են բազմաթիվ ծրագրեր»,- ասաց նա և հույս հայտնեց, որ բոլոր այն դեպքերում, երբ կբացակայի միայն ֆինանսավորումը, համատեղ ջանքերով կլուծվի հարցը:

296