Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի 2025 թվականի հունիսի 17-ի նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ դպրոցաշինության և կրթական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախարարը ընդգծեց, որ պետությունը չի սահմանափակվում միայն 300 նոր դպրոցի կառուցման ծրագրով, այլև մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բոլոր դպրոցները։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում շուրջ 500 դպրոցում իրականացվել են աշխատանքներ ընդհանուր մոտ 800 միլիոն դրամի չափով, մինչդեռ հանրապետությունում կա շուրջ 1400 դպրոց։ Սա, ըստ նախարարի, վկայում է այն մասին, որ դպրոցական համակարգի մեծ մասը նախորդ տարի ստացել է պետական աջակցություն՝ կապիտալ բնույթի խնդիրների լուծման համար։

«Իհարկե, այն դպրոցները, որոնք ներառված են դպրոցաշինության ծրագրում, այնտեղ իրականացվում է ամբողջական կառուցապատում, բայց մյուս բոլոր դպրոցներն էլ մեր ուշադրության կենտրոնում են։ Մենք ունենք հատուկ մեխանիզմ՝ արագ արձագանքման ֆոնդ, որը կիրառվում է հրատապ իրավիճակներում։ Օրինակ՝ վերջին օրերին տեղի ունեցած քամու և պտտահողմի հետևանքով Ապարանում վնասվել են երեք դպրոցի տանիքներ։ Բնականաբար, այդ ուղղությամբ արդեն հատկացումներ են արվել, և այդ խնդիրները շուտով կլուծվեն»,- նշեց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ շատ դեպքերում այս հարցերը կարգավորվում են առանց բարձրաձայնման։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի կողմից Ագրարային համալսարանի վերաբերյալ բարձրացված մտահոգություններին պատասխանելով՝ նախարարը տեղեկացրեց, որ բարձրագույն կրթության համակարգում գերակա ուղղություններով սահմանվել են կրթաթոշակներ։

Անցած տարի 220 ուսանող ընդունվել է Ագրարային համալսարան՝ գերակա մասնագիտություններով, և ստանում է ամսական 70,000 դրամ կրթաթոշակ, որը շարունակվում է երկրորդ տարում՝ առաջադիմության շեմի պահպանման պայմանով։

Նախարարի խոսքով՝ Ագրարային համալսարանում մի շարք ծրագրեր են իրականացվում՝ այդ թվում նաև մասնավոր հատվածի և ֆրանսիական գործընկերների հետ համագործակցությամբ։

«Մենք այժմ աշխատում ենք հեղինակավոր ֆրանսիական բարձրագույն ուսումնական հաստատության հետ համատեղ ծրագրի վրա, ինչը թույլ կտա պատրաստել միջազգային մրցունակ գյուղատնտեսական մասնագետներ»,- եզրափակեց Անդրեասյանը։

132