
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայ և վրացի լրագրողների ու փորձագետների համար Տավուշի մարզում կազմակերպված մեդիա տուրի նպատակն էր Հայաստանի և Վրաստանի լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների միջև ստեղծել սերտ համագործակցություն, գնահատել ու կանխատեսել հետագա գործակցության հնարավորությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայ-վրացական համաժողովի պատվիրակների հետ Ոսկեպար և Կիրանց համայնքներ կատարած այցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի ավագ խորհրդական Արմեն Պետրոսյանը։
Նրա կարծիքով՝ սովորաբար փորձագետները շատ ավելի անկաշկանդ են խոսում երկու բարեկամական երկրների միջև եղած խնդիրների ու հնարավորությունների մասին, որոնք կարելի է օգտագործել՝ հուշելով իշխանություններին հետագա անելիքների մասին, որպեսզի համագործակցությունն ավելի խորանա։
«Այդ հարցում Տավուշում համաժողով անցկացնլեու որոշումը պատահական չէ, որովհետև սահմանակից մարզ է, որը կարող է Վրաստանի սահմանամերձ մարզերի հետ միասին հավակնել համատեղ ծրագրեր իրականացնելուն։ Դրանք կարող են լինել թե՛ տնտեսական, թե՛ զբոսաշրջային՝ վերհանելով նոր հնարավորություններ երկու երկրների համար։ Նախատեսված է նաև փորձագիտական հայ-վրացական համաժողով Դիլիջանում, որտեղ հանդես կգան փորձագետները և կգնահատեն երկկողմ հարաբերությունները, կխոսեն ռազմավարական փոխգործակցություն ունեցող երկու հարևանների միջև դեռ չիրացված ներուժի մասին, և այդ բացը պետք է լրացվի»,- ասաց Պետրոսյանը։
Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարտահրավերներն ընդհանրական են դառնում ոչ միայն առանձին երկրների, այլև տարածաշրջանների համար, և մերօրյա աշխարհում մասնավորապես Հայաստանի և Վրաստանի առջև կանգնած մարտահրավերները բավականաչափ մոտ են, ուստի հայ-վրացական համաժողովի ընթացքում նաև փորձ է արվելու գնահատել այն բոլոր հնարավորությունները, որոնք միասին հնարավոր կլինի օգտագործել՝ դիմագրավելու ընդհանուր սպառնալիքներին ու մարտահրավերներին, որոնք կախված են ամբողջ տարածաշրջանի գլխին։
«Սա կարող է նաև բավականաչափ կարևոր ուղերձ լինել նաև Ադրբեջանին, քանի որ մարտահրավերները ոչ թե առանձին երկրների առջև են ծառացել, այլև ամբողջական տարածաշրջանների, հետևաբար անդրկովկասյան երեք երկրները գուցե համատեղ ջանքերով կկարողանան շատ ավելի արդյունավետ կերպով հաղթահարել այդ մարտահրավերները։ Փորձագիտական քննարկման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններից, մենք նաև այս խնդիրներն ենք քննարկելու։ Միջոցառումն ունի նաև մշակութային բաղադրիչ։ Մենք Վրաստանից ժամանած գործընկերներին ցույց ենք տալու մեր թանգարանային ենթակառուցվածքները, վանքային համալիրները, ինչից հետո ճանապարհելու ենք Վրաստան»,- նշեց Պետրոսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ նման մեդիա տուրերը հիշյալ կենտրոնի արդեն ավանդական դարձած աշխատանքային ուղղություններից են։ Նախկինում անցկացվել են նաև լրատվական ու փորձագիտական շրջանակների հանդիպումներ Ռուսաստանի, Իրանի, իսկ վերջերս նաև Թուրքիայի ներկայացուցիչների հետ։
«Նպատակը նույն տրամաբանությամբ ընդհանրական խնդիրների և հնարավորությունների վերհանումն է ավելի անկաշկանդ, փորձագիտական մակարդակում և մեդիայի միջոցով տարածաշրջանի երկրների հասարակություններին հասցնելու համար»,- եզրափակեց Պետրոսյանը։