Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում՝ 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը.

«Հաջորդը՝ այս հին խոսույթը. այդպես անում են, որովհետև թուրքերն են այդպես ուզել, այդպես անում են, որովհետև ադրբեջանցիները ... Սա մեր իրականության ամենախոշոր և ամենապրոբլեմատիկ կոմպլեքսն է: Գիտեք, այն ժամանակ մենք էլ էինք տրվում այդ խոսույթին. լավ եկեք բանակի մասին չխոսենք, որովհետև թուրքերն ու ադրբեջանցիները լսում են, վայ դրա մասին ..., դե դա գաղտնիք է, եկեք թուրքի ջրաղացին ջուր չլցնենք և այլն: Մի հատ ուրիշ շատ կարևոր բան կա, ես երբ խոսում էի հայրենասիրության կայսերական մոդելի մասին, այս վերջերս մի հատ ուրիշ բան էլ եմ հասկացել, որ մենք մեր աշխարհ ընկալելու սեփական զգայարանները և ֆորմուլաները, բանաձևերը զարգացնելու խնդիր ունենք: Ես այս վերջերս թերևս ոչ հրապարակային մի հանդիպման ժամանակ ասում հետևյալը՝ մենք աշխարհը ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք: Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը և մի քանի այլ երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում, մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես՝ այս որտե՞ղ է ընկել: Եվ սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկությունն է, որ ներդրված է։ Չե՞ք տեսնում՝ ինչ են խոսում: Այն ամեն ինչը, ինչ որ դնում են այստեղ, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չի: Ամբողջ արտաքին խոսույթներից ծաղկաքաղ է, որ բերվում է այս ամբիոն և այս ամբիոնից մատուցվում է: Եվ մենք պետք է, պարտավոր ենք առերեսվել էլ այս խնդրի հետ։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է ասեք՝ ինչ եք ուզում մեր ժողովրդից։ Ես կարող եմ ասել՝ ինչ եմ ուզում մեր ժողովրդից. ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։ Ես ասել եմ բազմիցս - իմիջիայլոց՝ ոչ մի լրագրող հարց չի տվել - ասել եմ երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր: Ոչ մեկ չի ասում՝ այդ ինչ ասացիր, այդ ոնց ասացիր: Ոչ մեկ չի ասում: Սա է, որովհետև մենք աշխարհի ընկալման մեր սեփական բանաձևերը չունենք: Սրանում է պրոբլեմը, և աշխարհը շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր: Եվ դա է պատճառը, որ աշխարհի մեր ընկալումն այն է, որ աշխարհը մի հատ ծայրահեղ, անարդար վայր է: Իսկ կարո՞ղ է պարզապես մենք չենք ճանաչում աշխարհը, մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները, որովհետև եթե դու երթևեկության կանոնները չգիտես և անընդհատ վրաերթի ես ենթարկվում, այդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է: Դու չես հասկանում՝ ինչու են քո վրայով անընդհատ մեքենա քշում և ասում ես այս ինչ անարդար տեղ եմ ես ընկել. Աստված, ու՞ր ես նայում Աստված, ով երթևեկության անարդարություն, թող որ ես թքեմ քո բաց ճակատին, որովհետև դու չգիտես, որ դու հայտնվել ես մի տեղ, որտեղ որոշակի կանոններ կան, անցում կա, հոծ գիծ կա, լուսացույց կա, և պետք է իմանալ այդ կանոնները վրաերթի չենթարկվելու համար: Մենք ուզում ենք, որ մենք ճանաչենք աշխարհը: Երկու բան էլ կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ ֆեյսբուքյան էջում, որովհետև այդ անդրադարձերը չեմ կարծում, թե արժանի են Ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու»:

289