
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում հետևել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի ընթացքին:
Նրանք ներկա են եղել 5-6-րդ դասարանների՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմերի միջև 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում կապանցի դպրոցականները լարված պայքարում 18:17 հաշվով դժվարին հաղթանակ են տարել և դուրս եկել հաջորդ փուլ:
Նախարարը նաև հանդիպել է մրցաշարի մասնակից թիմերի ներկայացուցիչների հետ, հաջողություն մաղթել նրանց առաջիկա հանդիպումներում:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանի խոսքով՝ թե՛ Երևանի, և թե՛ ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում բավական մեծ է եղել հետաքրքրությունն առաջին անգամ անցկացվող այս մրցաշարի հանդեպ: Մարզական խաղերի համայնքային փուլերին երկու տարիքային խմբերում ավելի քան 8000 դպրոցական է մասնակցել:
«Բասկետբոլի մասսայականացման ու տարածման տեսանկյունից նմանօրինակ մրցաշարի անցկացման գաղափարը շատ ողջունելի է, քանի որ ներգրավված են հարյուրավոր դպրոցներ ամբողջ հանրապետությունից: Եզրափակիչ փուլ հասած թիմերը, իսկապես, լավագույններն էին, որոնք հայտնի են դարձել օբյեկտիվ մրցակցության պայմաններում: Այս երեք օրերի արդյունքներով, միանշանակ, կարելի է ասել՝ դիտարժանությունն ապահովված է: Վստահ եմ՝ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումներն անցնելու են առավել դիտարժան ու հետաքրքիր պայքարում»,- ասում է Դրաստամատ Մուրադյանը՝ փաստելով, որ մրցաշարը, իսկապես, ստացվել է:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզչության, տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով: Խաղերի գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանի խոսքով՝ մրցաշարի ընթացքում արդեն իսկ աչքի են ընկել մի շարք դպրոցականներ, որոնք չեն զբաղվում բասկետբոլով, բայց ունեն համապատասխան տվյալներ:
«Հատկապես Սյունիքի մարզի 5-6-րդ դասարանների երեխաները շատ դրական տպավորություն են թողնում: Հայաստանի առաջնություններում նրանք ներկայացված չեն, բայց շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնք, հուսով եմ, կսկսեն լրջորեն զբաղվել բասկետբոլով»,- ասում է Դրաստամատ Մուրադյանը:
Նրա գնահատմամբ՝ առաջին տարում արձանագրված մասնակցության ցուցանիշը կարելի է դրական համարել։
Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտել փլեյ-օֆֆ դուրս եկած 16-ական թիմեր։ 1/8 եզրափակչի արդյունքներով 8-ական թիմեր պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում: Այսօր անցկացված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
- Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց - Երևանի թիվ 158 հիմնական դպրոց՝ 20:24
- Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց - Երևանի թիվ 199 հիմնական դպրոց՝ 18:13
- Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց - Երևանի թիվ 171 հիմնական դպրոց՝ 22:19
- Երևանի թիվ 174 հիմնական դպրոց - Երևանի թիվ 35 հիմնական դպրոց՝ 43:13
-
Քաջարանի թիվ 2 և Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերի միջև խաղը չի կայացել, քանի որ Քաջարանի թիմը չի ներկայացել մրցմանը: Հաղթանակը շնորհվել է Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմին:
Հունիսի 20-ին կանցկացվեն 5-6-րդ և 7-9 դասարանների թիմերի միջև 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները՝
5-6-րդ դասարան՝
Ժամը 11:00 - 12:00՝ Կապանի թիվ 13 - Երևանի թիվ 174 հիմնական դպրոց
Ժամը 12:00 - 13:00՝ Երևանի թիվ 158 հիմնական դպրոց - Մասիսի թիվ 2 հիմնական դպրոց
7-9-րդ դասարան՝
Ժամը 13:00 - 14:00՝ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց - Երևանի թիվ 2 հիմնական դպրոց
Ժամը 14:00 - 15:00՝ Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց - Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց
Ժամը 15:00 - 16:00՝ Երևանի թիվ 51 հիմնական դպրոց - Քաջարանի թիվ 2 հիմնական դպրոց
Ժամը 16:00 - 17:00՝ Երևանի թիվ 187 հիմնական դպրոց - Երևանի թիվ 137 հիմնական դպրոց«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։ Բոլոր հանդիպումների մուտքն ազատ է:
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրով, գավաթով, մեդալով և դրամական պարգևով:
1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ: