
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Որևէ մեկը Վեհարան չի ներխուժել, Միքայել Սրբազանը փախել, պախկվել էր այդտեղ՝ մտածելով, որ այդտեղ կարող է իրեն պաշտպանված զգալ: Դա ակնհայտ էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Միքայել Սրբազանին բերման ենթարկելու նպատակով ԱԱԾ աշխատակիցների՝ Վեհարան ներխուժելու մասին հարցին:
«Հիմա մեր ընդդիմադիր գործընկերները եկել, դոշ են ծեծում. կա դատարանի որոշում և գնալ մտնել ինչ-որ մի տեղ և փորձել պատսպարվել, որպեսզի դատարանի որոշումը չկատարվի, դա անընդունելի է: Եվ վերջիվերջո, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, տեսնելով, որ իրավիճակը կարող է լարվել, դուրս եկավ, որպեսզի ի ցույց դնի, որ նման բան անելու նպատակ չկա, և իրենք իրենց գործառույթն են իրականացնում»,- նշեց Սիմոնյանը:
«Թե՞ մեկնումեկի մոտ կարծիք կա, որ ԱԱԾ-ն ցանկության դեպքում, որ եթե 300-400 մարդ լինի, չի կարող մտնել այդտեղից մեկին դուրս հանի: Իհարկե, կարող է, բայց այդպիսի քայլի չգնաց, ի պատիվ մեր ԱԱԾ-ի, պետք է ասեմ, որ նման որոշում կայացրին, որովհետև այդ ամեն ինչը արված էր այդ շոուն կազմակերպելու համար»,- ավելացրեց ԱԺ նախագահը: