Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ առաջնահերթություն համարվող ոլորտներում վերջին տարվա առաջընթացը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունները:

 

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը և այդ նպատակով նոր ճանապարհային քարտեզի մշակմանը, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության, իրավահավասարության ապահովման ոլորտներում Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների և Եվրոպական միությունում առկա զարգացումների վերաբերյալ հարցերին։

 

Աննա Կարապետյանը խոսել է անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտում նոր՝ ինքնավար մարմին ձևավորելու վերաբերյալ հայեցակարգը։ Այս համատեքստում նա բարձր է գնահատել ԵՄ գործընկերների աջակցությունը, ինչպես նաև կարևորել բարեփոխման առանցքային բնույթը՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի համատեքստում:

 

Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է խտրականության դեմ պայքարի ոլորտում ռազմավարական փաստաթղթի առկայության կարևորությանը՝ ընդգծելով, որ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ արդեն իսկ մշակվել է ռազմավարության նախնական նախագիծը, որն առաջիկայում կդրվի հանրային քննարկման:

 

Կողմերը քննարկել են նաև արդարադատության ոլորտին ԵՄ կողմի աջակցության շրջանակն ու համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։

 

Հանդիպման ավարտին ընդունվել են նիստի գործառնական եզրակացությունները՝ նախանշելով համապատասխան ոլորտներում առաջիկա քայլերը:

134