
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): 2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP17-ը (ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում կազմակերպչական աջակցություն է ցուցաբերում։
«Որպես հյուրընկալող քաղաք՝ մենք սերտորեն ներգրավված ենք կազմակերպչական գործընթացում: Սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար՝ դիրքավորելով Երևանը որպես գլոբալ կլիմայական երկխոսության հիմնական դերակատար»,- նշել է քաղաքապետը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև օդի որակի բարելավման ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր, որում ներառված են բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: Արդյունավետ լուծումները կիրառելու նպատակով Երևանն ուսումնասիրում է նաև գործընկեր քաղաքների փորձը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեփոխման ծրագրերը ներկայացնելու համար՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ի թիմը ևս կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության տարբեր ծրագրերը և պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր նախագծերի իրագործմանը: