
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը» խորագրով պանելային քննարկմանը։
Այս մասին տեղեկացրել է ՇՄ նախարարությունը:
Միջոցառումը միավորել է Հայաստանի և Սփյուռքի տաղանդավոր, առաջադեմ ու նախաձեռնող երիտասարդներին՝ քննարկելու համահայկական ներկայության և ազդեցության ամրապնդման ուղիները։
Իր ելույթում նախարար Մաթևոսյանը շեշտել է, որ երիտասարդները մեր ազգային և համաշխարհային օրակարգի համահեղինակներն են, իսկ նրանց մասնակցությունն ու նախաձեռնողականությունը հենց այսօր կարող են ազդել այն ուղղությունների վրա, որոնցով կզարգանա պետությունը։
Նա նշել է, որ մենք գործ ունենք սերնդի հետ, որը միաժամանակ զգում է գլոբալ բնապահպանական խնդիրների հետևանքները և ունակ է ձևավորել դրանց լուծումները։ Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկը շրջակա միջավայրի պահպանումն է, և այստեղ երիտասարդների ներուժը անփոխարինելի է։
Համբարձում Մաթևոսյանը կոչ է արել երիտասարդներին այս պահից ներգրավվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներին, դառնալ Հայաստանի բնության միջազգային դեսպաններ և կապող օղակներ երկրի ու աշխարհի բնապահպանական, գիտական, կրթական և հասարակական շրջանակների միջև։
Նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների համատեղ ջանքերը կարող են ձևավորել նոր որակի համագործակցություն և ունենալ խորքային ազդեցություն ազգային և բնապահպանական օրակարգերի վրա։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր երիտասարդներին, ովքեր իրենց ժամանակը, գիտելիքը և կապերը նվիրում են երկրի ապագային՝ ընդգծելով, որ նրանց ներգրավվածությունն ու ներուժը կարևոր են ոչ միայն այս համաժողովի, այլև Հայաստանի կայուն զարգացման և միջազգային դիրքի ամրապնդման ճանապարհին։
Նախարարը հավելել է, որ պետությունը պարտավորվում է տրամադրել համագործակցության բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի երիտասարդների ներգրավումը լինի իրական, արժևորված և արդյունավետ։