Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներից մեկը գրառում էր արել և դիմել վարչապետին` նշելով, որ եկեղեցուն քննադատելու և պահանջներ ներկայացնելու իրավունք ունեն հստակ կանոնների համապատասխանող հավատացյալները:

Այստեղ պետք է նշեմ, որ Կառավարությունը, օրինակ, հաշվետու է բոլոր քաղաքացիների առջև՝ անկախ նրանից՝ նրանք կատարում են ՀՀ օրենքների պահանջները, թե ոչ։ Կառավարությանը քննադատելու և օրենքների կատարման պահանջ կարող են ներկայացնել բոլորը անխտիր, նույնիսկ ծանր հանցագործությունների համար կալանավորված անձինք։ Քննադատության բովանդակությունը երբեք չի կարող նսեմացվել` պայմանավորված քննադատողի անձով:

Նույն տրամաբանությամբ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես հատուկ կարգավիճակ ունեցող կառույց, որը շատերիս կարծիքով անմիջական կապ ունի նաև հայ ժողովրդի ինքնության հետ, հաշվետու է յուրաքանչյուրի առջև` անկախ այն բանից՝ մարդը պահպանում է եկեղեցական բոլոր կանոնները, թե ոչ։

Եթե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին լիներ պարզապես փոքրամասնությունների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություն, ապա կանոնադրության խախտումները գուցե այսպիսի հնչեղություն չստանային։ Սակայն այն իրողությունը, որ եկեղեցին ներկայացվում է որպես ողջ ժողովրդի հոգևոր կառույց, ենթադրում է հաշվետվողականություն բոլորի առջև, նույնիսկ նրանց, ովքեր աթեիստ են։

Մեր հասարակության մեջ նյութապաշտության և հոգևոր արժեքների ետընթացի պատճառները գուցե նաև պայմանավորված են նրանով, որ այդ արժեքները պահպանողները և քարոզողները երբեմն տեսանելի ձևով հավատարիմ չեն այդ արժեքներին:

319