
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին։ Նա ընդգծել է, որ միջագային համագործակցության ընդլայնումը ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի զարգացման հիմնական ուղղություններից է։
Ծանոթանալով Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարանի կրթական ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նմանատիպ ֆակուլտետներ են գործում նաև Երևանի պետական համալսարանում։ Կողմերի ընդգծմամբ՝ կարող են երկկողմ համագործակցության միջբուհական ծրագրեր իրականացվել, մասնավորապես՝ աստվածաբանության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև այլ ուղղություններով։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործընկերային կապերի զարգացումը ԵՄ Erasmus Plus ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի և համատեղ այլ նախաձեռնությունների իրականացմամբ։
Նշենք, որ Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարանն ընդգրկված է աշխարհի 200 լավագույն համալսարանների ցանկում։