
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի և ծրագրերի ղեկավար Արման Ավագյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանդիպումը կարևոր քայլ էր Շրջակա միջավայրի նախարարության և CNF-ի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության շրջանակում նոր ուղենշումներ սահմանելու ուղղությամբ։
CNF-ն Հայաստանում գործում է 2009 թվականից և այդ ժամանակից ի վեր հանդիսանում է բնության պահպանության ոլորտում նախարարության հուսալի գործընկերը՝ շարունակական օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, նպաստելով կառավարման համակարգերի զարգացմանը և տրամադրելով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ հարցերը, առկա մարտահրավերները, ինչպես նաև ոլորտում գույքագրված առաջնահերթությունները՝ նպատակ ունենալով համատեղ ծրագրերն իրականացնել առավել նպատակային և արդյունավետ ձևաչափով։
Զրույցի առանցքում էր նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպումը, որը կայանալու է 2026 թվականին Հայաստանում։ Քննարկվել են CNF-ի հնարավոր ներգրավվածության և աջակցման ձևաչափերը համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներում։
Նախարարը վստահություն է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ Հայաստանի կենսաբազմազանության պահպանման ու բնական հարստությունների արդյունավետ կառավարման։