Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում մասնակցեցի «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Այս մասին գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

 

Նիստին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։

 

«Իմ ելույթում անդրադարձա կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին ջրային ռեսուրսների վրա և ընդգծեցի, որ Հայաստանի լեռնային էկոհամակարգերը առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Տեղումների կրճատումը և ջրային պաշարների նվազումը բարձրացնում են ջրային սեկտորի խոցելիությունը։

Ներկայացրի մեր ձեռնարկած քայլերը՝

  • ջրախնայող տեխնոլոգիաների և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում,
  • ջրային համակարգերում կորուստների նվազեցման ծրագրեր,
  • ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական բարեփոխումներ,
  • Հայաստանի կառավարության կողմից կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային հնգամյա ծրագրի (2022–2026 թթ.) հաստատում՝ ուղղված ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայական ռիսկերի նվազեցմանը և հարմարվողականության ռազմավարությունների արդյունավետ իրագործմանը
  • Շեշտեցի նաև Սևանա լճի ջրային հավասարակշռության պահպանումը և էկոհամակարգերի վերականգնումը՝ որպես առաջնահերթություն։

Համաժողովի ընթացքում կարևորեցի միջազգային համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնացրի 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումը (COP17)՝ գործընկերներին հրավիրելով ակտիվ մասնակցության։

 

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ մենք կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ և կայուն համակարգ, որը կծառայի ինչպես մեր երկրի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացմանը»,- գրել է նախարարը։

 

140