
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Բյուրակն գյուղի վարչական տարածքում, բազալտի հանքի հատկացված սահմաններից դուրս, իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Օգոստոսի 11-ին համայնքային ոստիկանները ստուգեցին օպերատիվ տվյալը: Տեղում աշխատում էին թրթուրավոր էքսկավատորներ ու տարբեր հաստոցներ: Պարզվեց, որ հատկացված երկուսուկես հեկտար տարածքից դուրս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, առանց թույլտվության և պայմանագրի, արդյունահանում է ծավալել նաև շուրջ 700 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության հողերում՝ պետությանը պատճառելով վնաս, որի չափը պարզվում է:
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: