Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը և Իրանը ստորագրել են քաղաքաշինության ու շինարարության ոլորտներում համագործակցության մասին հուշագիր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փաստաթղթով նախանշվել են համագործակցության հիմնական մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ Իրանից փորձագետների և աշխատուժի ներգրավում ՀՀ-ում իրականացվող 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում, փորձի փոխանակում տարածական պլանավորման, գոտիավորման, տեխնիկական և ինժեներական այլ ծառայությունների ոլորտներում։ Կողմերը համագործակցելու են նաև շենքերի, շինությունների կառուցման ու շահագործման, էներգախնայողության նորարարական լուծումների ներդրման, ինժեներական ծառայությունների արտահանման, համատեղ հետազոտական ծրագրերի մշակման և իրականացման ուղղություններով։

Կարևոր նպատակներից է լինելու սեյսմիկ անվտանգության ու սեյսմակայուն շինարարության ոլորտներում գիտելիքի և փորձի փոխանակումը, քաղաքային պլանավորման թվայնացման ոլորտում երկու երկրների համապատասխան հաստատությունների համագործակցությունը:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև Հայաստանի և Իրանի ոլորտային մասնագետների շահերը ներկայացնող կազմակերպությունների, բուհերի և հետազոտական կենտրոնների միջև համագործակցություն, ինչպես նաև մասնագիտական ցուցահանդեսների ու համաժողովների համատեղ կազմակերպում։

94