

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։
Նախագահ Փեզեշկիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գործընկերության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրացման հնարավոր ուղիները։ Դրական գնահատվել են պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ դրանք լիովին կիրականանան։
Նախագահ Խաչատուրյանը նաև նշել է, որ հայ-իրանական սերտ գործընկերության լավագույն օրինակներից մեկը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածում իրանական ճանապարհաշինական ընկերությունների տպավորիչ աշխատանքն է, որը վառ արտահայտում է երկկողմ համագործակցության արդյունավետությունը և վստահության բարձր մակարդակը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:
Կողմերը ընդգծել են, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, առևտրային ուղիների ստեղծումը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության սկզբունքների վրա, շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։