
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նպաստները, կենսաթոշակները և առողջության ապահովագրությունը թանկ են նստում Գերմանիայի վրա։ Գերմանիայի համընդհանուր բարեկեցության համակարգը կարիք ունի հիմնարար բարեփոխման, քանի որ բյուջեն այլևս չի կարող կրել այդ բեռը. 2027 թվականի բյուջեի առաջարկը ցույց է տվել 30 միլիարդ եվրոյի դեֆիցիտ:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այս թեմայի շրջանակում դաշնային կուսակցության համաժողովում հայտարարել է, որ Գերմանիան չունի համընդհանուր բարկեցության համակարգի կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ տնտեսական ռեսուրսներ, հաղորդել է The Telegraph-ը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
«Սոցիալական համընդհանուր բարեկեցությունը, ինչպես այն գոյություն ունի այսօր, այլևս չի կարող ֆինանսավորվել մեր տնտեսական կարողությունների կողմից»,- նշել է Մերցը՝ կոչ անելով արմատապես վերանայել նպաստների և սոցիալական աջակցության ամբողջ համակարգը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Գերմանիայի սոցիալական ծախսերը անցյալ տարի գերազանցել են ռեկորդային 47 միլիարդ եվրոն (40 միլիարդ ֆունտ ստեռլինգ)։ Ծախսերի աճին նպաստում են բնակչության ծերացումը և գործազրկության աճը։ Այս տարի էլ ակնկալվում է նոր աճ, ընդ որում նպաստների շահառուների մեծ մասը գերմանացիներ են, բայց զգալի մասնաբաժին ունեն նաև այլազգիները։
Գերմանիայի տնտեսությունը, որը երկար տարիներ համարվել է Եվրոպայի շարժիչ ուժը, 2017 թվականից ի վեր դանդաղել է։ Այս ընթացքում ՀՆԱ-ն աճել է ընդամենը 1.6 տոկոսով, մինչդեռ եվրագոտու միջին ցուցանիշը կազմել է 9.5 տոկոս։ 2022 և 2023 թվականներին երկրում արձանագրվել է ՀՆԱ-ի անկում՝ համապատասխանաբար 0.2 և 0.3 տոկոս։ Սա առաջին անգամ է 2000-ականների սկզբից ի վեր, երբ գերմանական տնտեսությունը երկու տարի անընդմեջ արձանագրում է նահանջ։
Մերցի հայտարարությունները, մասնավորապես սոցիալական համընդհանուր բարեկեցության ապագայի վերաբերյալ, կարող են լարվածություն առաջացնել կոալիցիոն գործընկերների՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) շրջանում, որը ավանդաբար հանդես է գալիս դրա պաշտպանությամբ։
Այնուամենայնիվ, Մերցը շեշտել է, որ առանց կառուցվածքային փոփոխությունների հնարավոր չի լինի հաղթահարել ճգնաժամը։ «Եկեք միասին ցույց տանք, որ փոփոխություններն ու բարեփոխումները հնարավոր են»,- ասել է նա՝ կոչ անելով պատրաստ լինել դժվար որոշումների։
Մերցը նաև առաջարկել է նոր կոալիցիոն ուղի, որը պետք է համատեղի «հակամիգրացիոն» քաղաքականությունը և բիզնեսին նպաստող տնտեսական մոտեցումները։ Նա, սակայն, կտրականապես բացառել է հարկերի բարձրացման հնարավորությունը։