Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նվիրված, եռանդով լի, աշխատասեր և պարկեշտ. այսպես են գրչակից ընկերները բնութագրում երջանկահիշատակ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, գրող Լևոն Անանյանին, որի 80-ամյակը Հայաստանի գրողների միության հարկի տակ էր համախմբել Անանյանի գործընկերներին, ընկերներին, ընտանիքի անդամներին։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Լևոն Անանյանի հետ ծանոթացել է 1969 թվականին։ Անանյանն այդ ժամանակ Մանկավարժական համալսարանում թերթի խմբագիր է եղել։ Արագ են մտերմացել։ Հետո աշխատել են «Գարուն» ամսագրում։ «Լևոն Անանյանը ամսագրի Արվեստի բաժնի վարիչն էր, ես՝ Պոեզիայի։ Լևոնի՝ արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրությունը հենց այնպես չէր. նրա դիպլոմային աշխատանքը թատերական աշխարհին էր վերաբերում։ Խմբագրություն էին գալիս հայտնի ռեժիսորներ, դերասաններ։ Նրանց հետ կապված նյութեր էինք հրապարակում։ Լևոնը վազք էր սիրում. հաճախ էր ներկայացումների, թատերական երեկոների, տարբեր հանդիպումների մասնակցում, հետաքրքիր հանդիպումների վերաբերյալ հոդվածներ էր պատրաստում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միլիտոնյանը։

Այդ շրջանում «Գարուն» ամսագիրը, պահպանելով ավանդույթները, ուշադրության կենտրոնում է պահել հրապարակախոսական հոդվածները։ Ըստ Միլիտոնյանի՝ սուր, պրոբլեմատիկ հոդվածներ հրապարակելն ասես «Գարուն»-ի մենաշնորհն է եղել։
«Լևոն Անանյանն իր հոդվածներով հետաքրքիր հարցեր էր բարձրացնում։ Նա իր ստեղծած դաշտի տերն էր, և այդ դաշտում երկար, բեղուն աշխատեց»,-ասաց Միլիտոնյանն ու հավելեց՝ ժամանակները բարդ էին, սակայն Լևոն Անանյանի ջանքերով և՛ «Գարուն» ամսագիրը երկար ապրեց, և՛ Անանյանի հիմնադրած «Ապոլոն» հրատարակչությունն արդյունավետ աշխատեց։
Լևոն Անանյանի որդին, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանը փաստեց՝ հայրը հոգատար է եղել, ընտանիքի անդամներին է փոխանցել սերը դեպի գիրը, գրականությունը, դեպի հայ մշակույթը։ «Ժամանակին Լևոն Անանյանի հորդորով «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում «Երևանյան բեսթսելեր» նախագիծը սկսեցինք, որը գրքի, գրականության հանրահռչակմանն է ուղղված։ Կարծում եմ՝ այն լավ արդյունքներ տվեց. մեկնարկեց այն ժամանակ, երբ Երևանը հռչակվեց Գրքի մայրաքաղաք և բերեց ընթերցանության մեծ ալիքի։ Լևոն Անանյանի նախաձեռնությունն էր նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օր հռչակելը։ Նրա հետ էինք նաև որպես լրագրողներ, երբ Թումանյանի թբիլիսյան տան փրկության ծրագիրն էր իրականացվում։ Որոշ շրջան որպես կրտսեր գործընկեր փորձել եմ նեցուկ լինել նրան։ Նա էլ իր խորհուրդներով, լրագրողական և գրական փորձով շատ հաճախ մեր մեջքին է կանգնել ու խրախուսել, որպեսզի նաև այդ ասպարեզում կարողանանք նշաձողը բարձր պահել»,-ընդգծեց Արամ Անանյանը։

Նա տեղեկացրեց, որ Լևոն Անանյանի ստեղծագործություններն ամփոփում են և պատրաստում հրատարակության։
Լևոն Անանյանը համագործակցել է նաև գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հետ, որն Անանյանին բացառիկ աշխատասեր մարդ է համարում։ Անանյանի հետ բազմաթիվ հարցեր են քննարկել՝ սկսած միության խնդիրներից մինչև բանաստեղծական կոչումներին վերաբերող հարցեր։ Ըստ Ասատրյանի՝ նրան ոչ միայն միության ներքին խնդիրներն են անհանգստացրել, որոնց լուծմամբ զբաղվել է, այլև արտաքին։ Անանյանը ձգտել է առաջ տանել գրականության ոլորտի լավագույններին, պարգևատրել նրանց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։