Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայում սեպտեմբերի 20-ին ընտրություններ են անցկացվել Բեռլինում և Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա դաշնային երկրամասում։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) համար երկու քվեարկություններն էլ պարտությամբ են ավարտվել. Բեռլինում Ներկայացուցիչների պալատի ընտրություններում հաղթանակ է տարել «Ձախերի կուսակցությունը», իսկ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում երկրամասի խորհրդարանի ընտրություններում առաջին տեղն է զբաղեցրել ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը։

Երկու կուսակցություններն էլ նախորդ ընտրությունների համեմատ կրկնապատկել են իրենց արդյունքը։

Նախնական տվյալների համաձայն՝ Բեռլինում «Ձախերի կուսակցությունը» ստացել է ձայների 25,7 տոկոսը՝ 13,5 տոկոսային կետով ավելի, քան 2023 թվականի նախորդ ընտրություններում։ Երկրորդ տեղում նախորդ ընտրությունների հաղթող ՔԴՄ-ն է՝ 18,8 տոկոսով (9,4 տոկոսային կետի անկում)։ 

«Ձախերի կուսակցության» համար սա Բեռլինում ընտրությունների պատմության մեջ գրանցված լավագույն արդյունքն է։ Այն իր նախընտրական օրակարգը կառուցել էր բեռլինցիների համար ամենաարդիական և ցավոտ խնդրի՝ բնակարանային հարցի շուրջ։

Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայում, նախնական արդյունքների համաձայն, AfD-ն ստացել է ձայների 38,2%-ը, ինչը կրկնակի գերազանցում է 2021 թվականի նախորդ ընտրությունների ցուցանիշը։ ՔԴՄ-ն ջախջախիչ պարտություն է կրել՝ ստանալով ընդամենը 4,9 տոկոս։ Կուսակցությունը չի հաղթահարել 5-տոկոսանոց շեմը և առաջին անգամ չի կարողացել տեղ զբաղեցնել Գերմանիայի դաշնային երկրամասերից մեկի խորհրդարանում։ 

Ֆրիդրիխ Մերցը դեռ առաջին էքզիթփոլերից հետո հայտարարել է, որ մտադիր է շարունակել մնալ թե՛ կանցլերի, թե՛ կուսակցության նախագահի պաշտոններում և շարունակել բարեփոխումների ուղեգիծը։

86