Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվել են Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումները: Գործադիրն առաջարկում է սահմանել լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու պահանջ, միաժամանակ օրենքով Կառավարությանը վերապահել լիազորություն` սահմանելու որակի կառավարման համակարգը և ներդրման կարգը:

«Այն լաբորատորիաները, որոնք ունեն միջազգային կամ տեղական հավաստագրում կամ հավատարմագրում, կարիք չեն ունենա առաջարկվող որակի համակարգն ապահովելու»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ներկայացնելով նախագծով առաջարկվող լրացումները:

Զեկուցողի խոսքով լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունում որակի կառավարման համակարգ ներդրված չլինելու դեպքում կազմակերպության լաբորատոր-ախտորոշիչ տեսակով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից կկասեցվի այնքան ժամանակ, մինչև լրացվի այդ բացը: Նախագծով առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ստեղծմանը: Փոխնախարարը նշել է, որ ռեեստրի ստեղծումը հնարավորություն կտա ամբողջական տվյալներ ունենալ Հայաստանում գործող բոլոր լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասին: «Դա հնարավորություն կտա լիազոր մարմնին տարբեր իրավիճակներում, մասնավորապես՝ համաճարակների ժամանակ, արագ արձագանքել, կազմակերպել միջոցառումներ և որոշումներ կայացնել»,- ասել է Լենա Նանուշյանը: Նա նաև տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը: Դրանք քննարկվել են, և որոշ առաջարկներ ընդունվել են:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին և տեղեկացրել, որ այս պահին լաբորատոր գործունեություն իրականացնող 131 կազմակերպություն լիազոր մարմնի կողմից դրական եզրակացություն է ստացել այն մասին, որ ապահովել է որակի ապահովման համակարգը:

Հանձնաժողովը դրական եզրալացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծին:

181