Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2026-2027 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու նպատակով (23 կրթաթոշակային տեղ, որից բակալավրիատում՝ 5, մագիստրատուրայում՝ 14, ասպիրանտուրա՝ 2, դոկտորանտուրա՝ 1, վերապատրաստում՝ 1):
Նշված կրթաթոշակային որևէ տեղի համար դիմում-հայտեր չներկայացնելու կամ թափուր մնալու պարագայում կրթաթոշակային տեղերը կվերաբաշխվեն:
ՉԺՀ բուհերում բակալավրի դիմորդները պետք է հանձնեն «China Scholastic Competency Assessment (CSCA)» ընդունելության քննություն և ներկայացնեն ստացած գնահատականների քաղվածք։ Ընդունելության համար համապատասխան քննությունների առարկաները, ինչպես նաև ուսուցման լեզուն հստակեցնելու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել Չինաստանում համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության հետ։ Բուհից ստացված համաձայնության դեպքում «CSCA» քննության վերաբերյալ տեղեկատվությունը և քննության գրանցման կարգը հասանելի է www.csca.cn կայքում։
Վերապատրաստման ծրագրերին դիմելու դեպքում այն թեկնածուները, որոնք որպես ուսուցման լեզու ընտրել են չինարենը, պետք է ապահովեն չինարենի իմացության 3-րդ մակարդակ («Չինարենի իմացության թեստ»-HSK3), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի կրթություն ստանալու համար դիմած թեկնածուները պետք է ստանան չինարենի իմացության քննության 4-րդ մակարդակի (HSK4) վկայական՝ անգլերենով չինարեն սովորելու համար հատկացված մեկ տարում։
Կրթաթոշակի թեկնածուներին պետք է ուսումնասիրեն ՉԺՀ կոնկրետ բուհի պահանջները, ընտրել մասնագիտությունը, նախօրոք կապվել տվյալ բուհի հետ՝ նախնական նամակ-հրավերի ստացման նպատակով: ՉԺՀ տվյալ բուհից նամակ-հրավերի ստացումը պարտադիր պայման է 2026-2027 ուստարում Չինաստանի կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար:
Այն թեկնածուների համար, որոնք չեն ընդունվի իրենց նշած բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկը, այլ բուհեր կրկնակի դիմելու հնարավորություն չի նախատեսվում։
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները (այդ թվում՝ ավարտական դասարանում սովորողները), քոլեջների և բուհերի շրջանավարտները (այդ թվում՝ ավարտական կուրսում սովորողները), գիտահետազոտական աշխատություններ իրականացնողները, վերջին 2 տարվա ընթացքում չինարենի, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Մանրամասները՝ այստեղ: