Araratnews.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոսների մասին պատմությունները: Այս անգամ  թանկ ու գեղեցիկ հուշերով մեզ հետ կիսվել է ավագ լեյտենանտ Ռաֆիկ Օրդոյանի նշանածը՝ Ալինա Ադիլխանյանը:

 

 

Ավագ լեյտենանտ Ռաֆիկ Գևորգի Օրդոյանը Մխչյան գյուղից էր: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2012 թվականին, ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարան: Վեց ամիս սովորելուց հետո զորակոչվել է ծառայության: Կես տարի անց որոշել է, որ պետք է ընդունվի Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական համալսարան՝ հմտանալով Հակաօդային պաշտպանություն մասնագիտության մեջ: «Օսա-ԱԿ» ԶՀՀ տեխնիկայի հրամանատարն է եղել: 2017 թվականի ամռանն արդեն մեկնել է Արցախ՝ ծառայությունը ՀՕՊ գծով շարունակել Աղդամում, որպես Հայկական բանակի սպա: Մի շրջան ծառայել է նաև Ֆիզուլիում, հետո կրկին վերադարձել Աղդամ: Երեք տարի էր՝ Շուշիում էր  ապրում: 

 

 

«Պատերազմից առաջ Ռաֆն արձակուրդում էր: Սեպտեմբերի 15-ին վերադարձավ Արցախ, իսկ սեպտեմբերի 25-ից արդեն  ծառայության մեջ էր: Երկու օրից սկսվեց  պատերազմը: Ռաֆիկը հաշվարկի հրամանատար է եղել: Մոտ 22 ԱԹՍ է կարողացել խոցել»: Ալինան զրույցն սկսում է անմիջապես պատմելով պատերազմի մասին: Չեմ ընդհատում նրան, թողնում եմ՝ սիրտը թեթևացնի: «Դեռ խաղաղ պայմաններում` 2019 թվականին աշնանն ու 2020 թվականի գարնանը, Ռաֆը «Օրբիտեր» ԱԹՍ-ներ էր խոցել: Երկուսի խոցման ժամանակ էլ պարգևատրվել է նախ «Մարտական ծառայության» մեդալով, ապա «Արիության», իսկ պաշտապանության նախարար Դավիթ Տոնոյանը Արցախ է ուղարկել «Անդրանիկ Օզանյան» մեդալ՝ խրախուսելով և գնահատելով Ռաֆիկի հերոսությունը»,- մի շնչով ու  ամենայն հպարտությամբ սիրելիի ստացած պարգևներն է թվարկում Ալինան:

 

 

Վերջին անգամ Ռաֆիկը սիրելիի հետ խոսել է նոյեմբերի 8-ին` գիշերը 2-ին: Ասել է, որ տարօրինակ հանգիստ վիճակ է: Քիչ հետո ասել է՝ ցուրտ է, գնում է քնելու: Ալինան հիշում է, որ անիմաստ հարցեր է տվել, սիրտն ինչ-որ բան էր կանխազգացել: Հրադադարից ժամեր առաջ թշնամու ԱԹՍ-ն խոցել է տեխնիկան, որի մեջ եղել են ավագ լեյտենանտ Օրդոյանն ու իր զինվորները:

«... Ես ու Ռաֆիկը ծանոթացել ենք հինգ տարի առաջ: Մեր առաջին հանդիպումը եղել է իմ ծննդյան օրը` նոյեմբերի 7-ին, երկրորդն  իր ծննդյան օրը՝ նոյեմբերի 26-ին: Ռաֆիկն այդ ժամանակ դեռ ինստիտուտում էր սովորում:  Ռաֆը չափազանց ռոմանտիկ մարդ էր: Իր նման անձնավորություն ես չեմ ճանաչում: Ամեն հարցում էր յուրահատուկ: Ասում են չէ, որ սպան պետք է չոր լինի և այլն, ես դա չեմ զգացել: Ռաֆը շատ նրբանկատ տղամարդ էր, որ նույնիսկ արվեստագետը կարող է այդպիսին չլինի»,- պատմում է Ալինան:

Ռաֆիկը հաճախ էր ծաղիկներ նվիրում իր սիրելիին: Մի առիթով ասել է, որ եթե իրենից ոչինչ չեն պահանջում՝ ստանում են ամեն ինչ: «Ես երբեք ուշադրություն չեմ պահանջել, ինքն ինձ լիուլի տվել է այդ ուշադրությունը: Չգիտեմ, ինձնով ապրում էր Ռաֆը: Ընտանիքի անդամներն էլ էին ասում` Ռաֆի ուշք ու միտքը դու ես»:

 

 

Ալինան ասում է, որ իրեն գրավել է Ռաֆիկի ուրիշ լինելը: Պատմում է, որ Ռաֆիկը ուներ  բնավորություն, որը բնորոշ չէ որևէ ուրիշ սպայի: Նաև ասում է, որ զինվորականի մասնագիտությունը կարծես իրենը չէր, բայց նա փայլուն էր կատարում իր աշխատանքը, ընդգծելով, որ Ռաֆիկը որ ոլորտում էլ լիներ, միևնույն է, իրեն շատ լավ էր դրսևորելու:

 

«Ռաֆն ամենաշատն ուզում էր երեխաներ ունենալ: Որոշել էինք երկու երեխա ունենալ, բայց պատերազմի օրերին ասում էի` Ռաֆ, երրորդ երեխային վաստակել ես, երրորդն էլ կունենանք: Շատ էր ուրախացել: Անգամ պատերազմի օրերին պլաններ էր գծում, թե ինչպես ենք ապրելու, ուր ենք գնալու միասին, բայց ես իր ձայնի մեջ տխրություն էի զգում: Չգիտեմ, կանխազգացում ունեի...»:

 

 

Ալինան շատ լավ է հիշում 2018 թվականի հոկտեմբերյան այն օրը, երբ Ռաֆը նրան ամուսնության առաջարկություն արեց: «Հիշում եմ, գնալու էր Արցախ, բայց դեռ երեք ժամ կար մինչ մեկնելը: Գեղեցիկ հագնվել էր, ինձ էլ ասել էր գեղեցկանամ: Դուրս եկանք, նստեցինք այգում: Ինչ-որ բանի էր սպասում: Հետո մեզ մոտեցավ հիսունին մոտ մի տղամարդ ու փաթեթ տվեց Ռաֆին: Ռաֆն էլ ինձ ասաց, թե իբր զինվորներից մեկի ծնողն է, իր զինվորի համար է բերել այդ փաթեթը: Տվեց ինձ, թե դիր պայուսակիդ մեջ, հետո կտաս: Ռեստորան գնացինք: Շամպայն պատվիրեց: Երբ մի բաժակ խմեցինք, ասաց՝ հլը տուր տեսնեմ ինչ է բերել զինվորի ծնողը: Հետո բացեց տուփը` մատանի էր: Այդպես ամուսնության առաջարկություն արեց»,- հուզմունքը մի կերպ զսպելով պատմում է Ալինան և հիշում, որ Ռաֆն ամուսնության առաջարկությունն անելիս ծնկի չէր իջել: Մի քանի ժամ անց ապագա կնոջն ասել է` տես մի սխալ եմ արել, բայց հետո սխալս կուղղեմ...

 

 

Պատերազմն ավարտվել է: Ճիշտ է, ավագ լեյտենանտ Ռաֆիկ Օրդոյանը զոհվեց, բայց երբեք չծնկեց թշնամու առաջ:

 

Ալինան հիմա Ռաֆի զինվորների հետ էլ է խոսում, որոնք նրա հետ են եղել տեխնիկայի մեջ: Ռաֆն ու իր մեխանիկ-վարորդը զոհվել են, իսկ ձախ կողմում նստած զինվորները` Մհերն ու Դավիթը, ողջ են մնացել: Մհերը ծանր վիրավորում է ստացել, իսկ Դավիթը, որ գիտակցություն է ունեցել, աչքերը բացել ու տեսել է, որ հրամանատարն ու զինակից ընկերը անշնչացած վիճակում են: Դավիթը գոռացել է, օգնություն է կանչել: Կարողացել են հիվանդանոց հասցնել, վիրահատել են, բայց հնարավոր չի եղել փրկել հրամանատարի ու զինվորի կյանքը: Զոհվելուց տասնվեց օր հետո լրացավ ավագ լեյտենանտ Ռաֆիկ Օրդոյանի 26-ամյակը: 

 

 

Ալինան ասում է, որ իրեն առաջ է մղում, ապրելու ուժ է տալիս Ռաֆիկի չարած գործերը շարունակելու միտքը:

 

«Մենք պետք է հպարտ լինենք, որ հերոս ունենք և, որ ժամանակին կենդանի հերոսների ենք ճանաչել: Հիմա մեզ մնում է գոհանալ, որ գոնե իրենց կենդանության օրոք մենք զգացել ենք, թե ինչ հրաշք մարդիկ են իրենք, որ իրենք գնացին հանուն մեր ապրելու, հանուն մեզ: Հիմա պետք է ուժ գտնենք ու շարունակենք ապրել, որ ապրեցնենք»:

 

Հայկ Մագոյան

12 Հունվար, 2021 15:05
1741
; ;