Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Մարտին Արտաշեսի Գալստյանի թեկնածությունը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրելու հարցը։

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:

«Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի, և այն, կարծում եմ, մեր հասարակության հիմնարար զարգացման նախապայմաններից մեկն է: Մեր նախորդ տարիների ջանքերը գերազանցապես նպատակադրված են եղել երկրում մակրոտնտեսական կայունության ապահովմանը»,- նշել է Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկում 2020 թվականից մինչ օրս կատարված աշխատանքները, ծրագրերը, ինչպես նաև Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:

Թեկնածուն խոսել է ԿԲ-ի իրականացրած ռազմավարական կարևոր քայլերի մասին, որոնց շնորհիվ հաղթահարվել են պարբերաբար ի հայտ եկող ճգնաժամերը: Նա ներկայացրել է Կենտրոնական բանկի միջամտությունն արտարժութային շուկայում տարբեր ճգնաժամերի ընթացքում և Կենտրոնական բանկի պահուստների միջոցով կայունացման գործողությունները:

Մարտին Գալստյանը նշել է, որ միակ գրավականը, որով ցանկացած ինստիտուտ, ներառյալ Կենտրոնական բանկը, կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին, որակյալ թիմ ունենալն է: Ըստ թեկնածուի՝ գործադրվում է ամեն ջանք, որպեսզի ԿԲ թիմը լինի լավագույնը, իսկ ՀՀ կենտրոնական բանկը՝ աշխարհի լավագույններից մեկը:

Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի գործընկերներին աջակցության պատրաստակամության համար:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի կարգավորման, նորարարությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բանկային ծառայությունների գնաճի (ինֆլյացիայի), իրացվելիության խնդրին:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը  հավանություն է տվել նշված պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցին։

Միևնույն ժամանակ, հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է, որ հարցը կընդգրկվի և կքննարկվի Ազգային ժողովի մայիսի 5-ին կայանալիք նիստի օրակարգում։

343