Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Իրանին կբերի աննախադեպ օգուտներ։ Այս մասին գրում է իսրայելական N12 հեռուստաալիքը, որի տվյալներով՝ փոխըմբռնման հուշագիրը ներառում է հինգ կետ, որոնք վերաբերում են Իրանի համար նախատեսվող զգալի տնտեսական շահերին։

Դրանց մի մասը կիրականացվի անմիջապես, մի մասը՝ բանակցությունների ընթացքում, իսկ մի մասը՝ վերջնական համաձայնագրի ստորագրման պահին։

Մասնավորապես, նշվում է, որ անմիջապես կվերացվեն Իրանի նավթարդյունաբերության նկատմամբ ծովային շրջափակումը և սահմանափակումները, իսկ իրանական ակտիվները կապասառեցվեն՝ բանակցությունների նպատակների իրագործման պայմանով։

Բացի այդ, վերջնական համաձայնագրի ստորագրման դեպքում կվերացվեն Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները և կստեղծվի հատուկ վերականգնման հիմնադրամ։

N12-ը հրապարակել է նաև հուշագրի 12 հիմնական դրույթները։ Մասնավորապես, դրանցից չորսը վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին՝ Իրանը կհաստատի միջուկային զենք մշակելու և ձեռք բերելուց հրաժարվելու իր հանձնառությունը, ԱՄՆ-ն և Իրանը կպարտավորվեն լուծել Իրանի հարստացված ուրանի պաշարների հարցը։

Բացի այդ, ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, բանակցությունների ընթացքում չի սահմանի նոր պատժամիջոցներ և չի ավելացնի տարածաշրջանում իր զորքերի թվաքանակը, իսկ Իրանը 60 օրվա ընթացքում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ և անվճար անցումն ապահովելու համար։ Նշվում է նաև, որ Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները կդադարեցնեն ռազմական գործողությունները, այդ թվում՝ Լիբանանում։

 

 

82