Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 18-ի գիշերը Մեխիկո քաղաքում ավարտվեց 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրը։ Բոլոր 48 հավաքականները անցկացրին իրենց առաջին հանդիպումները՝ ձևավորելով խմբային աղյուսակների նախնական պատկերը և մրցաշարի ընդհանուր միտումները։
Առաջին 24 խաղերում գրանցվեց 75 գոլ, ըստ որի՝ միջին արդյունավետությունը բարձրացրել է մինչև 3.13 գոլ մեկ խաղում։ Այս ցուցանիշը վկայում է, որ մրցաշարի մեկնարկը եղել է հարձակողական և դիտարժան ֆուտբոլային խաղերով։
Անակնկալ արդյունքներ և աչքի ընկած խաղեր
Առաջին տուրի վերջին օրը նշանավորվեց մի շարք անակնկալ արդյունքներով։ Ամենաքննարկված հանդիպումը Պորտուգալիայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև խաղն էր, որն ավարտվեց 1-1 հաշվով։ Չնայած Կրիշտիանու Ռոնալդուի ամբողջական մասնակցությանը, պորտուգալացիները չկարողացան հաղթել, իսկ հանդիպման ընթացքում աչքի ընկավ Կոնգոյի դարպասապահ Լիոնելը։

«L» խմբում Անգլիան Դալասում 4-2 հաշվով հաղթեց Խորվաթիային։ Ուզբեկստանի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը, 3-1 հաշվով պարտվեց Կոլումբիային։
Ֆավորիտներից մի քանիսը չկարողացան համոզիչ սկսել մրցաշարը․ Իսպանիան չկարողացավ հաղթել Կաբո Վերդեին՝ հանդիպումն ավարտելով 0-0 հաշվով։
Անկայուն խաղ ցույց տվեցին նաև մյուս առաջատարները․ Բրազիլիան 1-1 խաղաց Մարոկկոյի հետ, Նիդեռլանդները նույն հաշվով ոչ-ոքի ավարտեց Ճապոնիայի դեմ հանդիպումը, իսկ Բելգիան չկարողացավ հաղթել Եգիպտոսին՝ 1-1։
Գոլային պայքար և անհատական ցուցանիշներ
Առաջին տուրից հետո լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսսին է, որը Ալժիրի դեմ խաղում ձևակերպել է հեթ-տրիկ։ Երկրորդ տեղում են մի շարք խաղացողներ՝ Հարի Քեյնը, Էրլինգ Հալանդը, Կայ Հավերցը և Կիլիան Մբապեն՝ յուրաքանչյուրն ունենալով երկուական գոլ։

Հերոսներ և հակահերոսներ
Առաջին տուրի ամենաազդեցիկ խաղացողներից մեկը Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահ Վոզինյան էր, որը Իսպանիայի դեմ խաղում կատարեց յոթ սեյվ և պահպանեց դարպասը անառիկ։

Առաջին տուրի ուշագրավ պահերից էր նաև Լիոնել Մեսսիի էմոցիոները Ալժիրի դեմ խաղում իր առաջին գոլից հետո․ ֆուտբոլիստը արտասվել է։ La Opinion-ը հաղորդել է․ որ հարձակվողը չի կարողացել զսպել արցունքները՝ հոր՝ Խորխե Մեսսիի ավելի է վատթարացած ծանր հիվանդության պատճառով։
«Այո, ես լաց եղա առաջին գոլից հետո, բայց դա ոչ մի կապ չուներ ֆուտբոլի հետ։ Ես դժվար օրեր եմ ունեցել, բայց շնորհակալ եմ թիմին և իմ խաղընկերներին, որովհետև նրանք միշտ իմ կողքին են եղել և ուժ տվել ինձ։ Ես սիրում եմ ֆուտբոլը․ դա իմ կիրքն է մանկուց»,- ասել է Մեսսին։

Միևնույն ժամանակ, մի շարք ֆուտբոլիստներ հայտնվեցին քննադատության կենտրոնում։ Հարավային Աֆրիկայի կիսապաշտպան Սֆեֆելո Սիտոլեն բացման խաղում նախ դարձավ ինքնագոլի հեղինակ, ապա ստացավ կարմիր քարտ։
Կրիշտիանու Ռոնալդուն Կոնգոյի դեմ խաղում գնդակին դիպավ ընդամենը 25 անգամ։ Միևնույն ժամանակ նա կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ կխփի վեց տարբեր աշխարհի առաջնություններում։
Իսպանիայի հարձակվող Միկել Օյարսաբալը նույնպես ունեցավ ոչ այնքան հաջող դեբյուտ՝ առաջին 30 րոպեների ընթացքում գրեթե չդիպչելով գնդակին, ինչը հազվադեպ երևույթ է։
Երկրորդ փուլը մեկնարկում է այսօր երեկոյան: Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Չեխիան կխաղա Հարավային Աֆրիկայի հետ, իսկ ժամը 23:00-ին՝ Շվեյցարիան՝ Բոսնիա-Հերցեգովինայի հետ: