Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մասնակցել է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդլայնված կազմով
աշխատանքային քննարկմանը։
Հանդիպմանը ներկա էին նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և
Շինարարների միության ներկայացուցիչները, ՀԷՑ ՓԲ ընկերության գլխավոր
տնօրինությունների ղեկավարները։
Քննարկման առանցքային թեման ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախօրեին ընդունած որոշումն էր, որով ազատականացվում է 6(10)
կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան
շենքերի և կառուցապատվող թաղամասերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացը։
Նախկինում գործող կարգավորման պայմաններում նշված միացումների համար
անհրաժեշտ կապալի աշխատանքներն իրականացվում էին «Հայաստանի էլեկտրական
ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ արտապատվիրակելով այլ կազմակերպությունների, ինչն
ինքնին բարդացնում էր գործընթացը:
Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միացման
գործընթացը կիրականացվի ՀԷՑ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների
հիման վրա՝ դիմող անձի կամ կառուցապատողի սեփական միջոցներով և
ռեսուրսներով։
Արդյունքում միացման գործընթացը կդառնա առավել պարզ և ճկուն՝ նպաստելով
բազմաբնակարան շենքերի էներգահամակարգերի՝ բաշխման ցանցին միացման
աշխատանքների իրականացմանը ողջամիտ ժամկետներում, ինչպես նաև վերջիններիս
համար տնտեսապես ավելի շահավետ պայմաններով:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տեխնիկական պայմանների
տրամադրման նոր մոտեցումներին, կառուցված բաշխման ցանցի՝ ընկերությանը
հանձնման կարգին, ինչպես նաև ոլորտում վարչական ընթացակարգերի պարզեցման և
ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին։
Հանդիպման մասնակիցները ողջունեցին նախաձեռնությունը՝ կարևորելով պետական
մարմինների, կառուցապատողների և էներգետիկ համակարգի ներկայացուցիչների
միջև շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ ոլորտում տնտեսական
ցուցանիշների ակտիվացմանը:


