Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոնդ թաղամաս, հանդիպել բնակիչների հետ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին:

Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախարար Եղիազար Վարդանյանը։

Երկրի ղեկավարը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել պայմաններին, պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցների վիճակին, զրուցել բնակիչների հետ։

Կոնդ թաղամասի քաղաքաշինական վերակառուցման հայեցակարգով, որը քննարկվել է վարչապետի գլխավորությամբ հունիսի 26-ին, թաղամասի վերակառուցման ելակետային պայմաններ են, մասնավորապես՝ պատմամշակութային ժառանգության և հուշարձանների պահպանումը,   բնակչության կենսապայմանների բարելավումը, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը, տնտեսապես իրագործելի զարգացման մոդելի ձևավորումը, ներդրումային գրավչության բարձրացումը, զբոսաշրջային ակտիվության խթանումը։

Կոնդ թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 16.0 հա, որից նախագծային միջամտության տարածքը՝ 10.0 հա։ Թաղամասում առկա են ՀՀ պետական ցուցակում ընդգրկված 4 հանրապետական նշանակության հուշարձան և 8 նորահայտ հուշարձաններ՝ հիմնականում բնակելի տներ, որոնք ունեն տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Կոնդի զարգացման համար առաջարկվում է պետություն–մասնավոր ներդրող–համայնք համագործակցության մոդելը։ Հայեցակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես՝ Աթենքի Պլակա պատմական թաղամասի օրինակը, որը հիմնված է պատմական միջավայրի պահպանության, հետիոտնային տարածքների բարելավման, փոքր բիզնեսի խթանման և մշակութային կյանքի ակտիվացման համադրման վրա։

Բնակիչների հետ զրույցում վարչապետը ներկայացրել է հայեցակարգի մանրամասները և տեղեկացրել, որ նախատեսվում է Կոնդի մասին օրենքի ընդունում՝ հետագա աշխատանքները փոխհամաձայնությամբ իրականացնելու նպատակով: «Մենք ուզում ենք օգնել, որ այսքան տարի այսպիսի դժվար պայմաններում եք ապրել, նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ծրագրի իրականացումը հնարավոր կլինի ժամանակի ընթացքում՝ փուլ առ փուլ:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, որտեղ վերջերս տեղադրվել է «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը: Կառավարության որոշմամբ՝ հուշարձանը տեղափոխվել է Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածից:

322