Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովը, որը համախմբեց պետական կառավարման մարմինների, հանքարդյունաբերական ընկերությունների, մասնագիտական կազմակերպությունների և ոլորտի ներկայացուցիչների՝ ամփոփելու նախորդ տարվա գործունեության արդյունքները և քննարկելու ոլորտի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները։

Համաժողովը վարեց ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը։

 

Միջոցառմանը ներկա գտնվեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և ղեկավար կազմը։

 

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀՄԱ տնօրեն Վարդան Ջհանյանը՝ նշելով, որ ասոցիացիան շարունակել է ամրապնդել պետություն–մասնավոր համագործակցությունը և խթանել պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքները։

 

Նրա խոսքով՝ «ասոցիացիայի հիմնական առաքելությունը եղել է  և մնում է ոլորտի կայուն զարգացման համար համագործակցային միջավայրի ձևավորումը»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը իր ելույթում ընդգծեց, որ պետություն–մասնավոր համագործակցությունը վերջին տարիներին ստացել է նոր որակ։ Նա նշեց, որ նախարարության և ՀՀՄԱ-ի համատեղ նախաձեռնությամբ ձևավորված հիմնադրամը կարող է դառնալ ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման կարևոր գործիք։

 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը նշեց, որ հանքարդյունաբերության զարգացումը պետք է զուգորդվի բնապահպանական բարձր չափանիշներով։ «Մեր նպատակն էր ոչ միայն վերահսկել, այլ նաև կանխարգելել ռիսկերը»,– ասաց նա։

 

Իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը նշեց, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ռազմավարական կարևոր ճյուղերից մեկն է և ներդրումների և արտահանման աճի գործում առաջատարների շարքում։

 

Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը շեշտեց, որ երկրաբանության և հանքարդյունաբերության փոխկապակցությունը առանցքային նշանակություն ունի բնական պաշարների արդյունավետ կառավարման համար, ոլորտի գիտական ներուժի զարգացման տեսանկյունից։

 

ՀՀՄԱ տնօրեն Վարդան Ջհանյանը ներկայացրեց ասոցիացիայի գործունեության հաշվետվությունը՝ ընդգծելով միջազգային համագործակցության ընդլայնումը և մի շարք միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ ICMM-ի, Critical Minerals Association-ի (ԱՄՆ), European Metals Association-ի, Mining Association of Canada-ի, Ռուսաստանի հանքագործների միության, ինչպես նաև Կանադա–Հայաստան առևտրի պալատի և CEBA-ի հետ գործակցությունը։

 

Համաժողովի ընթացքում ստորագրվեցին երկու հուշագիր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀՄԱ-ի միջև, մյուսը՝ Հայաստանի երկրաբանների միության և ՀՀՄԱ-ի միջև։

 

Կողմերը նշեցին, որ փաստաթղթերը նպատակ ունեին խորացնելու համագործակցությունը և խթանելու համատեղ ծրագրերը։

 

Armenia Mining Forum 2026-ի կազմկոմիտեի նախագահ Աննա Սաղաբալյանն էլ իր ելույթում նշեց, որ ֆորումը տարեցտարի ընդլայնում է իր միջազգային մասնակցությունը՝ դառնալով ոլորտի կարևոր հարթակ։

 

Համաժողովը եզրափակեց ՀՀՄԱ տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ ասոցիացիայի գործունեությունը նպաստեց ոլորտի բարեփոխումներին, գործընկերային ցանցի ընդլայնմանը և միջազգային ինտեգրմանը։

 

 

 

 

 

 

 

 

 

129