Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի կառավարությունը նախատեսում է «Ֆայրբըրդ ԷյԱյ» ընկերությունից հինգ տարի ժամկետով ձեռք բերել 25 միլիոն ԱՄՆ դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ Հայաստանում արհեստական բանականության ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի  նիստի  չզեկուցվող հարցերի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է 2026 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին տրամադրվող պետական աջակցության միջոցներից 957 մլն 876 հազար դրամ հատկացնել նոր ծրագրի ֆինանսավորմանը։

Նոր միջոցառմամբ նախատեսվում է ձեռք բերել արհեստական բանականության համակարգերի համար անհրաժեշտ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ և առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորություն։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ռեսուրսները մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք կբերի «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից։ Հիմնավորման համաձայն՝ ընկերությունն ունի անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումները տրամադրելու հատուկ և բացառիկ իրավունք։

Նախարարության և ընկերության միջև համապատասխան պայմանագիրը կնքվել է 2026 թվականի ապրիլի 17-ին։

«Ֆայրբըրդ ԷյԱյ»-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով աշխատող՝ Կովկասի տարածաշրջանում առաջին և ամենամեծ արհեստական բանականության սուպերհամակարգիչը։

Ձեռք բերվող ռեսուրսները նախատեսվում է հասանելի դարձնել արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, համալսարաններին, անհատ մասնագետներին և հանրային իշխանության մարմիններին։

Դրանք կարող են օգտագործվել արհեստական բանականության մոդելների նախագծման, ուսուցման և գործարկման, ինչպես նաև գիտական հետազոտությունների իրականացման համար։

Ծրագրի արդյունքային ցուցանիշ է սահմանվել ստացված հայտերի առնվազն 60 տոկոսի բավարարումը։

Նախագծի ընդունմամբ 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի առաջանա։ Գումարը կտրամադրվի արդեն իսկ հաստատված բյուջետային ծրագրի շրջանակում կատարվող վերաբաշխման հաշվին։

 

285