Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 20-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

 

Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի և Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի, ինչպես նաև Ոստիկանության գվարդիայի Կոտայքի և Հրազդանի պետական պահպանության բաժինների ղեկավարները՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

 

 

2026 թվականի առաջին կիսամյակում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից գրանցվել է հանցագործության 240 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8 տոկոսով պակաս։

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները: Աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված սպանության և սպանության փորձի բոլոր դեպքերը բացահայտվել են։

 

Օպերատիվ միջոցառումների արդյունքում մարզի քրեական ոստիկանները բացահայտել են նաև սպանության նախապատրաստության մեկ դեպք։

Հայտնաբերվել է դատական ակտերով սահմանված այլընտրանքային պատիժների չկատարման 3 դեպք։ Դրանց առնչությամբ ներկայացվել են հաղորդումներ, Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել՝ քրեական վարույթներ։

Ընդհանուր առմամբ մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

 

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 363 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19 տոկոսով ավելի։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 87,1 տոկոս։ Միաժամանակ ավելացել են զենք-զինամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը։

 

 

Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 20,1 տոկոսով պակաս հանցագործության դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում։ 437 դեպքից բացահայտվել է 362-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է՝ կազմելով 82,8 տոկոս։ 65,2 տոկոսով նվազել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։

Առաջին կիսամյակի արդյունքներով՝ Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ չեն արձանագրվել։ Գրանցվել է հանցագործության 162 դեպք, ինչը 19,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման արդյունավետությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 93,2 տոկոս։

 

Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 258 դեպք, ինչը 16,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 73, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ 77,8 տոկոսով։ Բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է՝ կազմելով 90,3 տոկոս՝ նախորդ տարվա 66,7 տոկոսի դիմաց։

 

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ արձանագրված հանցագործության դեպքերը 8,7 տոկոսով պակասել են։ 157 դեպքից բացահայտվել է 139-ը։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացել է կազմելով 88,5 տոկոս՝ նախորդ տարվա 76,2 տոկոսի դիմաց։ Նվազումը հիմնականում պայմանավորված է մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ։

 

 

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 153 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 56139 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 5896-ով ավելի։ Ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, նվազել դրանց հետևանքով զոհերը։

Ոստիկանության գվարդիայի պահպանության Կոտայքի և Հրազդանի բաժիններում իրականացվել են պահպանվող օբյեկտների անվտանգության պատշաճ ապահովման աշխատանքներ։ Գվարդիայի ծառայողները բացահայտել են մի շարք հանցագործություններ, իսկ շրջիկ ծառայության ընթացքում իրականացրել՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման միջոցառումներ։

 

Անդրադառնալով ներկայացված արդյունքներին՝ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մարզային ստորաբաժանումների ծառայողներին կատարած աշխատանքի համար և անդրադարձել բացթողումներին։ Ընդգծվել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ցուցանիշների հետագա բարելավման ուղղությամբ առավել թիրախային և հետևողական մոտեցումների ակտիվացումը։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ՝ կանխելով քրեական տարրերի ազդեցությունն ու տարածումը։ Կարևորելով հատկապես գիշերային ժամերին բակային տարածքներում խմբերով հավաքվելու ուղղությամբ կանխարգելիչ և օպերատիվ աշխատանքը՝ ՆԳ նախարարը հանձնարարել է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ պարբերաբար իրականացնել շրջիկ և ուժեղացված ծառայություններ՝ հատկապես այն հատվածներում, որտեղ առկա են հանցավորության կամ քրեածին միջավայրի ձևավորման ռիսկեր։

 

Նախարար Սարգսյանն ընդգծել է նաև օպերատիվ տեղեկությունների պարբերական թարմացման և դրանց որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև կադրային համալրման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

 

Նախարարը խիստ հանձնարարել է տարածքներում ապահովել թիրախային և կանխարգելիչ աշխատանք՝ յուրաքանչյուր համայնքի ու բնակավայրի առանձնահատկություններին համապատասխան, արագ արձագանքել առկա խնդիրներին և հետևողականորեն իրականացնել միջոցառումներ, որոնք կկանխեն իրավախախտումները՝ բարձրացնելով քաղաքացիների անվտանգության մակարդակը։

Որպես իրականացված օպերատիվ աշխատանքի շոշափելի արդյունք՝ նախարարն առանձնացրել է սպանության նախապատրաստության դեպքի բացահայտումը, ինչպես նաև բազմաթիվ խուզարկությունների արդյունքում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Արփինե Սարգսյանը հրահանգել է նշված ուղղությամբ էլ ավելի ակտիվացնել հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները։

 

 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է բացահայտել և մշտադիտարկել իրացման ու օգտագործման հնարավոր վայրերը, կանխարգելել և նվազագույնի հասցնել համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերը։

Ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ դրանց կանխարգելման շղթան պետք է սկսվի վաղ հայտնաբերումից և շարունակվի մինչև յուրաքանչյուր դեպքի ամբողջական բացահայտում։ Հանձնարարվել է ապահովել պատշաճ վերահսկողություն և բռնության նոր դրսևորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։

Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին։ Նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր նման դեպքի անհրաժեշտ է արձագանքել անհապաղ և համակողմանիորեն՝ ապահովելով նաև ուսումնական հաստատությունների հետ ակտիվ համագործակցությունը։

 

Արփինե Սարգսյանը հանձնարարել է քաղաքային հատվածներում առավել հետևողականորեն վերահսկել կվադրոցիկլների շահագործումը՝ բացառելու դրանց անօրինական օգտագործումն ու չթույլատրված հատվածներում երթևեկությունը՝ ապահովելով պատշաճ հանրային անվտանգություն։

 

Նախարարը հետաքրքրվել է նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության և իրականացված փոփոխությունների արդյունքներով՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր ահազանգի դեպքում գործել «Մեկ զանգ, արագ արձագանք» տրամաբանությամբ՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ, հարգալից և որակյալ սպասարկումը։

 

Ամփոփելով՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարել է երկրորդ կիսամյակի ընթացքում հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ուղղություններով առավել հասցեական պլանավորել անելիքներն, ինչը թույլ կտա արձանագրել դրական ցուցանիշների շարունակական աճ։

213