Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտի ներկայացման կարգում։
Բժշկի թույլտվություն կամ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու փոխարեն մասնակիցը կարող է նաև մրցման վայրում լրացնել առողջ լինելու մասին համապատասխան փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ մասնակիցը պետք է կարողանա առանց դադարի հեծանիվ վարել առնվազն 25 կմ և պատրաստակամ լինի օգոստոսին մասնակցել նախապատրաստական մարզումներին։
Հեծանվային արշավի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 6-ը ներառյալ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
- մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն (մարզ, համայնք, բնակավայր), հեռախոսահամարը,
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
- բժշկի թույլտվության կամ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը (առկայության դեպքում), կամ մրցման վայրում լրացնել առողջ լինելու մասին համապատասխան փաստաթուղթը։
Մասնակիցները հեծանվային արշավին մասնակցում են իրենց սեփական հեծանիվներով։ Թույլատրվում է օգտագործել միայն մեխանիկական հեծանիվներ։
Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցներին կշնորհվեն մասնակցության հավաստագրեր։ Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ը՝ սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ։