Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կալիֆոռնիայում ձերբակալվել է զինված տղամարդ, որը, ենթադրաբար, ուսումնասիրում էր անվտանգության համակարգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտին նախատեսված դրամահավաք միջոցառումից առաջ։ Այս մասին հայտնել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչությունը, գրում է «Politico»-ն։
38-ամյա Ժանին Ջոն Թաելեն ձերբակալվել է կիրակի կեսօրին Ռանչո Պալոս Վերդեսում գտնվող «Trump National Golf Club» գոլֆ-ակումբի տարածքում։ Քննության տվյալներով՝ դաշնային ծառայությունների քաղաքացիական հագուստով աշխատակիցները նկատել են, որ տղամարդը լուսանկարում և տեսանկարահանում է ակումբի տարածքը, ինչպես նաև հետևում է անվտանգության միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։
Ձերբակալության պահին նրա գրպանում հայտնաբերվել է 16 փամփուշտի տարողությամբ փամփշտատուփ։ Հետագա խուզարկության ընթացքում նրա ավտոմեքենայում քննիչները հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ և ևս մեկ լիցքավորված փամփշտատուփ։
Երկուշաբթի օրը շերիֆի վարչության աշխատակիցներն ու ՀԴԲ-ի գործակալները խուզարկություն են իրականացրել Թաելեի տանը, որը գտնվում է Կալիֆոռնիայի հարավում՝ Դաունի քաղաքում։ Այնտեղ հայտնաբերվել են հրազենի լրացուցիչ միավորներ, ռազմամթերք, զրահաբաճկոն, մի քանի նոթատետրեր՝ «մտահոգություն առաջացնող հայտարարություններով», ինչպես նաև ռադիոազդանշանների փոխանցման երկու սարք։
Գործը փոխանցվել է Լոս Անջելեսի շրջանի դատախազությանը։ Միևնույն ժամանակ, շերիֆի վարչությունը հայտարարել է, որ քննիչները չեն հայտնաբերել հանրության համար որևէ սպառնալիքի նշաններ։