Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ, որը Ազգային ժողովի՝ օգոստոսի 10-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Նախագծով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 10 անդամից բաղկացած պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ 2 տարի գործունեության ժամկետով:

«Հանձնաժողովի 10 անդամներից 5-ին նշանակելու իրավունքն առաջարկվելու է վերապահել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, 3-ին՝ նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ 2-ին նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը:

Առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի առաջին նախագահի իրավունքը վերապահել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ առաջին տեղակալին նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը:

Առաջարկվում է առաջին 6-րդ ամսվա ավարտից հետո ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ հանձնաժողովի տեղակալին նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:

Երկրորդ 6-րդ ամսվա ավարտից հետո առաջարկվում է ԱԺ  էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալ նշանակելու իրավունքը՝ «Հայաստան» խմբակցությանը:

Երրորդ 6-րդ ամսվա ավարտից հետո էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել «Հայաստան» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալ նշանակելու իրավունքը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- ասաց նա:

Արուսյակ Ջուլհակյանը նաև կարծիք հայտնեց, թե էթիկայի նորմերի խախտումները հիմնականում պետք է հանրային պարսավանքի ինստիտուտով հասցվեն նվազագույնի, և ոչ թե սանկցիաներ կիրառվեն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված որոշ սանկցիաներ հիմա ունենք, թե վարքագծի կանոնների խախտման ինչ սանկցիաներ կարող են նախատեսվել, բայց  կարևորագույն սանկցիան իմ կարծիքով հանրային պարսավանքի ինստիտուտն է»,- ասաց Ջուլհակյանը:

114