Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ռոսկոսմոսի» հայկական ծագմամբ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը ոչ շուտ, քան 2027 թվականի գարնանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան՝ NASA-ի և SpaceX-ի Crew-14 առաքելության շրջանակում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը (NASA)։

«Երեք տիեզերական գործակալությունների չորս անձնակազմի անդամներ կուղևորվեն Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ) 2027 թվականի գարնանից ոչ շուտ՝ երկարատև գիտական արշավի շրջանակում, որպես NASA-ի SpaceX Crew-14 առաքելության մաս»,- նշված է NASA-ի կայքում։

Այս առաքելությունը Կիվիրյանի համար կլինի առաջին ուղևորությունը դեպի Միջազգային տիեզերական կայան։ Նա 2010 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի անվան ռազմական դպրոցը, այնուհետև սովորել է Բալթյան պետական տեխնիկական համալսարանում։ 2015 թվականին նա ավարտել է համալսարանը՝ ստանալով հրթիռաշինության ոլորտում մասնագիտացած ինժեների որակավորում, ինչպես նաև անցել է համակարգչային կառավարմամբ մեքենաների շահագործման ուսուցում։ Կիվիրյանն «Գագարինի անվան հետազոտությունների և տիեզերագնացների պատրաստման կենտրոնի» տիեզերագնացների կորպուսում ընտրվել է 2021 թվականին և 2023 թվականից աշխատում է որպես փորձարկող տիեզերագնաց,- հայտնում է NASA-ն։

Այն նշում է՝ ավելի քան 25 տարի մարդիկ շարունակաբար ապրել և աշխատել են Միջազգային տիեզերական կայանում՝ զարգացնելով գիտական գիտելիքները և կատարելով հետազոտական նշանակալի առաջընթացներ, որոնք հնարավոր չէ իրականացնել Երկրի վրա։ Տիեզերական կայանն օգնում է NASA-ին հասկանալ և հաղթահարել մարդու՝ տիեզերք թռիչքի մարտահրավերները, ընդլայնել ցածր Երկրի ուղեծրում առևտրային գործունեության հնարավորությունները և հիմք ստեղծել Լուսին երկարատև առաքելությունների համար՝ Artemis ծրագրի շրջանակում, ինչպես նաև ապագա առաքելությունների համար դեպի Մարս։

 

195