Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ֆրանսիական CEA-Leti կազմակերպության ներկայացուցիչներին՝ Տեխնոլոգիական ռազմավարական գործընկերության գծով գործադիր փոխնախագահ Միքայել Ճագասպանյանի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱԱԲ նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Ռաֆի Դերդերյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են CEA-Leti-ի հետ համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները՝ մասնավորապես կիսահաղորդչային արդյունաբերության, ինժեներիայի և կիսահաղորդչային հետազոտությունների ոլորտներում։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը։ Քննարկվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Երևանի պետական համալսարանների շրջանակում իրականացվող ընթացիկ ծրագրերի ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման երկարաժամկետ ծրագրերի զարգացման հնարավորությունները։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում գործող միջազգային և տեղական տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև գիտահետազոտական հաստատությունների հետ CEA-Leti-ի համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Քննարկումների առանցքում են եղել տեխնոլոգիական արդյունաբերության և ինժեներական նորարարության զարգացումը, IC design-ի, միկրոէլեկտրոնիկայի և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում համագործակցության խորացումը, արտադրական կարողությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական և գիտահետազոտական էկոհամակարգի հետագա խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցության հետագա քայլերի շուրջ։
CEA-Leti-ն Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որն առանձնանում է միկրո և նանոտեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով։ Կենտրոնն ակտիվորեն համագործակցում է գիտական և արդյունաբերական գործընկերների հետ՝ զարգացնելով նորարարական լուծումներ էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, հաղորդակցության տեխնոլոգիաների և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում։