Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ UCI Europe Tour-ի օրացույցի նոր մրցաշարը՝ Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը, մեկնարկել է լարված մրցափուլով։ Առաջին փուլի հաղթողի կոչմանն արժանացել է չեխական ATT Investments ակումբը ներկայացնող, ազգությամբ լեհ Միխալ Պոմորսկին։ Նա Գավառ–Մեծ Մասրիկ 135 կմ երթուղին հաղթահարել է 2 ժամ 34 րոպե 47 վայրկյանում՝ 52.331 կմ/ժ միջին արագությամբ։
Թեժ պայքարը ծավալվել է մեկնարկից անմիջապես հետո, երբ 20 հեծանվորդներից բաղկացած խումբն առանձնացել է և արագորեն մեծ առավելություն ստացել։ Եզրագծից 13.5 կմ առաջ ավստրալացի Ֆլետչեր Մեդվեյը՝ Netcompany Ineos Racing Academy ակումբից, դեպի ներքև իջնող հատվածում դիմել է գրոհի՝ իր հետ տանելով Պոմորսկիին և Բալմերին․ վերջինը ներկայացնում է Շվեյցարիան։
Մինչև վերջին կիլոմետրը միասին ընթանալուց հետո եռյակը վերջին մի քանի հարյուր մետրերում ներդրել է ամբողջ ուժերը։ ATT Investments-ի 23-ամյա հեծանվորդ Միխալ Պոմորսկին Մեծ Մասրիկի եզրագծում առաջ է անցել մրցակիցներից՝ նվաճելով ոչ միայն ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը, այլև միավորների դասակարգման առաջատարի նարնջագույն շապիկը։ Տպավորիչ աշխատանք ցույց տված Մեդվեյը զբաղեցրել է երկրորդ տեղը և արժանացել նաև լավագույն երիտասարդ հեծանվորդի սպիտակ շապիկին։ Հիմնական խումբը եզրագիծը հատել է առաջատար 18 հեծանվորդներից ավելի քան 10 րոպե ուշացումով, ինչը նշանակում է, որ առաջին իսկ մրցափուլը լուրջ ազդեցություն է ունեցել ընդհանուր հաշվարկի վրա։
Առաջին մրցափուլի արդյունքները՝ Գավառ–Մեծ Մասրիկ
- Միխալ Պոմորսկի (ATT Investments) — 135 կմ՝ 2 ժ 34 ր 47 վ, միջին արագությունը՝ 52.331 կմ/ժ (10 վ բոնուսային ժամանակ)
- Ֆլետչեր Մեդվեյ (Netcompany Ineos Racing Academy) — նույն ժամանակը (6 վ բոնուսային ժամանակ)
- Ալեքսանդր Բալմեր (Solution Tech Nippo Rali) — նույն ժամանակը (4 վ բոնուսային ժամանակ)
Ընդհանուր հաշվարկ
- Միխալ Պոմորսկի (ATT Investments) — 2 ժ 34 ր 47 վ
- Ֆլետչեր Մեդվեյ (Netcompany Ineos Racing Academy) — +4 վ
- Ալեքսանդր Բալմեր (Solution Tech Nippo Rali) — +6 վ
Միխալ Պոմորսկի. «Վստահ էի սպրինտում, և ամեն ինչ հաջող ստացվեց»
Tour of Armenia-ի առաջին մրցափուլի հաղթող Միխալ Պոմորսկին, անդրադառնալով մրցապայքարին և իր հաղթանակին, նշել է, որ մրցափուլը բարդ էր հատկապես բարձրության պատճառով։
«Այսօր իսկապես շատ բարդ էր։ Բարձրության պատճառով դժվար էր շնչել, և մենք հենց մեկնարկից ներդրեցինք մեր ողջ ուժերը։ Բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ հիանալի անցավ։ Առաջատար խմբում հինգ լեհ հեծանվորդներ էինք, այդ թվում՝ ATT Investments-ից իմ թիմակից Տոմաշ Բուձինսկին։ Ես պայքարում էի մրցափուլի հաղթանակի համար, իսկ նա՝ ընդհանուր հաշվարկում բարձր արդյունքի հասնելու։ Չնայած գտնվում էինք ծովի մակերևույթից գրեթե 2000 մետր բարձրության վրա՝ մրցափուլը չափազանց արագ ստացվեց։ Վերջին 20 կիլոմետրն անվերջ էր թվում, բայց ամեն ինչ հաջող ստացվեց։ Շատ ուրախ եմ թե՛ հաղթանակի, թե՛ կարմիր շապիկի համար։ Այժմ կփորձեմ օգնել Տոմաշին լեռնային մրցափուլերում։ Հույս ունենք նաև նոր բարձր արդյունքներ գրանցել»,– ասել է Միխալ Պոմորսկին։
Չորս շապիկ՝ հայկական խորհրդանիշներով
Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները կստանան իտալական Alé Cyclin» ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։
Կարմիր շապիկ՝ ընդհանուր հաշվարկի առաջատար
Առաջին մրցափուլում հաղթած հեծանվորդը կստանա ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված է հայկական Հավերժության նշանը, իսկ մեջքին՝ Հայաստանի ոճավորված քարտեզը։
Կապույտ շապիկ՝ լավագույն լեռնային հեծանվորդ
Ուրբաթ օրվանից՝ առաջին լեռնային հատվածների հետ մեկտեղ, կսկսվի նաև լավագույն լեռնային հեծանվորդի կապույտ շապիկի համար պայքարը։ Շապիկի ձևավորման հիմքում Հայաստանի ամենաբարձր գագաթն է՝ Արագած լեռը (4090 մ)։
Նարնջագույն շապիկ՝ միավորների դասակարգման առաջատար
Միավորների դասակարգման առաջատարի նարնջագույն շապիկը զարդարված է ոճավորված ալիքներով, որոնք խորհրդանշում են ժամանակակից հեծանվասպորտի արագությունն ու դինամիկան։
Սպիտակ շապիկ՝ լավագույն երիտասարդ հեծանվորդ
Հայաստանի պետական դրոշի գույները խորհրդանշող երեք շապիկներին միանում է լավագույն երիտասարդ հեծանվորդի ավանդական սպիտակ շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված են հայկական ազգային մշակույթն ու ինքնությունը ներկայացնող գորգանախշեր, իսկ մեջքին՝ 13-րդ դարի Հաղարծինի վանական համալիրը։