Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից։ Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանալու կապակցությամբ Միհրան Խաչատրյանը հրաժեշտի խոսք է հղել Կոմիտեի թիմին և գործընկերներին՝ ամփոփելով վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքը և քաղաքացիական ավիացիայի ոլորտում կատարված բարեփոխումները։

Կոմիտեն ներկայացրել է նրա ուղերձն ամբողջությամբ, որում ասվում է․

«Սիրելի՛ գործընկերներ,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում իմ աշխատանքն ավարտելիս ցանկանում եմ ամփոփել այն ճանապարհը, որն անցել է Հայաստանի քաղաքացիական ավիացիան վերջին տարիներին։

2020 թվականին ԵՄ-ի իրականացրած գնահատողական այցի արդյունքում արձանագրվեց, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական վերահսկողության համակարգը, ինչպես նաև ավիացիոն իշխանության կառուցվածքը, չէին համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին։ Կոմիտեում կային աշխատակիցներ, սակայն մի շարք կարևոր ուղղություններով չկային բավարար թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, իսկ որոշ ուղղություններով անհրաժեշտ գործառույթները դեռևս ամբողջությամբ ձևավորված չէին։

Այս տարիների հիմնական խնդիրը հետևաբար ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը։

Այդ նպատակով՝

ստեղծվեցին երկու նոր ստորաբաժանումներ, որոնցից մեկի դեպքում ձևավորվեց ամբողջությամբ նոր գործառույթ,

վերանայվեց և փոփոխվեց Կոմիտեի տեսուչների վարձատրության համակարգը, ստեղծվեցին հիմքեր մասնագետներին կոմպետենցիայի վրա հիմնված վարձատության համակարգի համար,
զրոյից մշակվեցին, հաստատվեցին և ներդրվեցին ավելի քան 30 նոր քաղաքականություններ և ընթացակարգեր (Policies and Procedures),

ներդրվեց կոմպետենցիայի վրա հիմնված վերապատրաստումների պլան, որի հիման վրա Կոմիտեի մասնագետների համար կազմակերպվեցին անհրաժեշտ վերապատրաստումներ,
վերահսկողության գործընթացը դարձավ ավելի համակարգված, փաստաթղթավորված և հետագծելի,

ձևավորվեց ներքին որակի կառավարման համակարգ, որն այսօր գտնվում է վերջնական ձևավորման փուլում,

մշակվեց «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող համակարգերի և VTOL տիպի օդանավերի շահագործման և վերահսկողության իրականացման անհրաժեշտ իրավական հիմքերը,

ընդլայնվեց համագործակցությունը Եվրոպական Միության հետ տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության, Թվիննինգի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների ավիացիոն իշխանությունների հետ, մասնավորապես Ռումինիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Սլովակիայի և Լիտվայի,

կարևոր քայլեր ձեռնարկվեցին Կոմիտեի ներքին կարողությունների զարգացման ուղղությամբ։

Կոմիտեի աշխատակիցներից պատրաստվեցին դասավանդողներ, ինչը հնարավորություն տվեց մի շարք վերապատրաստումներ և դասընթացներ կազմակերպել ու իրականացնել արդեն իսկ Կոմիտեի ներքին մասնագիտական ռեսուրսների միջոցով՝ ապահովելով գիտելիքի և փորձի փոխանցման շարունակականությունը։

Այս աշխատանքների իրագործման ընթացքում բարձր ենք գնահատում ICAO/EURONAT-ի, DG MOVE/EASA-ի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների այլ միջազգային ավիացիոն մարմինների և ավիացիոն իշխանությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական Միության պատվիրակությանը և դեսպան Վասիլիս Մարագոսին՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ուղղված հետևողական աջակցության և համագործակցության համար։

Այսօր Կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ, որը հիմնված է միջազգային չափանիշների և պահանջների վրա։

Այս աշխատանքի արդյունքները հաստատվել են ինչպես ԻԿԱՕ-ի կողմից 2024 թվականին իրականացված աուդիտի շրջանակում արձանագրված առաջընթացով, այնպես էլ ԵՄ-ի՝ 2025 թվականին իրականացրած գնահատողական այցի արդյունքներով։

Իհարկե, դեռ շատ անելիքներ կան, սակայն այսօր այդ աշխատանքը շարունակվելու է արդեն ձևավորված համակարգի, կուտակված փորձի և նոր մասնագիտական ներուժի հիման վրա։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ Կոմիտեում ձևավորվել է մասնագետների նոր սերունդ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ արձագանքել ավիացիայի ոլորտի արագ զարգացող միտումներին և նոր մարտահրավերներին։ Միևնույն ժամանակ սերնդափոխության և մասնագիտական ներուժի շարունակական զարգացման գործընթացը դեռևս պահանջում է հետևողական աշխատանք՝ ապահովելու ձևավորված համակարգի կայունությունն ու շարունակականությունը։

Այս արդյունքները մեկ օրվա կամ մեկ անձի աշխատանքի արդյունքը չեն։ Դրանք Կոմիտեի ողջ թիմի, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքն են։

Պաշտոնը թողնելով՝ ես չեմ հեռանում ոլորտից։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացումը ինձ համար եղել և շարունակում է մնալ կարևոր մասնագիտական առաքելություն, և պատրաստ եմ նաև հետագայում իմ փորձով և գիտելիքներով նպաստել դրա շարունակական զարգացմանը։

Մաղթում եմ Կոմիտեի ողջ թիմին ուժ, հետևողականություն և նոր հաջողություններ Հայաստանի քաղաքացիական ավիացիան ավելի անվտանգ, արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու գործում։

Շնորհակալություն բոլորիդ համատեղ անցած ճանապարհի, վստահության և այս կարևոր աշխատանքի մեջ ունեցած ձեր ներդրման համար»։

133